Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը ցունամիի ազդեցություն ունեցավ ամբողջ աշխարհում: «Ցունամիի ազդեցությունը իր շարունակությունն է ունենալու նաև ապրիլի 22-24-ը Երևանում կայանալիք բազմաթիվ միջոցառումների ընթացքում»,- «Արմեն պրես»-ի հաղորդմամբ'լրագրողների հետ ապրիլի 20-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՅ դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը և հավելեց, որ Թուրքիան, Գալիպոլիի 100-ամյակը նշելով ապրիլի 24-ին, ավելի ուժեղացրեց միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

 

Նա նշեց, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագից հետո Թուրքիան դժվար թե խզի իր դիվանագիտական հարաբերությունները պաշտոնական Վատիկանի հետ։ «Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ Թուրքիան չի խզում տնտեսական և ռազմական համագործակցությունը Հայոց ցեղասպանության փաստը ճանաչած պետությունների հետ։ Հիշում եք, երբ Ֆրանսիան 2001թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան որոշ ժամանակով սառեցրել էր երկկողմ հարաբերությունները, սակայն հետագայում համագործակցությունը բարձրացավ նոր մակարդակի վրա»,-պարզաբանեց Մանոյանը:

 

Անդրադառնալով Էթյեն Մահչուփյանին Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատելու փաստին' Կիրո Մանոյանն ընդգծեց, որ Մահչուփյանը, ինչպես Թուրքիայում բնակվող հայերը, պատանդի կարգավիճակում են։ «Պաշտոնական Անկարան ևս մեկ անգամ ապացուցեց, որ չի կարող հանդուրժել Հայոց ցեղասպանության վերաբերյալ պետական քաղաքականությունից զատ այլ դիրքորոշումներ»,- շեշտեց Կիրո Մանոյանը։

 

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապը մատուցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ: Այս պատմական իրադարձությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը: Պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը նշեց, որ 20-րդ դարում տեղի է ունեցել Ցեղասպանություն, որին զոհ են գնացել հայեր, հույներ ու ասորիներ: Պատարագի ընթացում Հայ եկեղեցու սրբերի շարքը դասված Գրիգոր Նարեկացին հռչակվեց Կաթոլիկ եկեղեցու տիեզերական վարդապետ: