Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության  անդամ Արայիկ Հարությունյանը, նախքան առաջիկա անելիքներին անդրադառնալը, խորհուրդ է տալիս սպասել մայիսի ութին, երբ Նիկոլ Փաշինյանը կընտրվի վարչապետ, թեպետ չի բացառում, որ ցանկացած դեպքի համար ունեն հստակ գործիքակազմ. «Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած կառավարությունը դառնալու են առաջիկայում ազատ և անկախ ընտրությունների երաշխավորը, իսկ ծրագրային դրույթները կարտացոլվեն Նիկոլ Փաշինյանի սպասվող ելույթում»:

Անդրադառնալով Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջին՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ թեև այս պահին հստակ մեխանիզմներ չի կարող նշել, սակայն իրենց գործընկերները ձևավորել են հստակ օրակարգ եւ պարզ է, որ  հրաժարակականների ֆոնին դժվար է պատկերացնել, թե նոր կառավարությունն ինչպես կարող է աշխատել ՀՀԿ-ական քաղաքապետի հետ. «Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցը պատրաստվում ենք քննարկել  ԱԺ երեք խմբակցությունների հետ»,-ասաց Հարությունյանը:

 

Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կերպ է նոր կառավարությունը լուծելու կադրերի խնդիրը, արդյո՞ք կան Հայաստանում պաշտոններ զբաղեցնելու մասին առաջարկներ սփյուռքից, և ինչպե՞ս են վարվելու Կառավարության ներկա կադրային ապարատի հետ:

Հարցին ի պատասխան Հարությունյանը նշեց, որ սփյուռքից այս պահին կան առաջարկություններ, ցանկություններ, սակայն դեռևս կառավարության կազմի հարցը չի քննարկվել, իսկ ներկա կադրային ռեզերվի հետ կապված էլ նկատեց, որ ստեղծվելու է ազգային համաձայնության կառավարություն, և լավ աշխատող մասնագետները կշարունակեն աշխատել նաև նոր կառավարության կազմում:

Հարցին՝ քննարկվե՞լ են տարբերակներ՝ հանրապետականների հետ հետագա համագործակցության վերաբերյալ, Արայիկ Հարությունյանը նկատեց, որ լինելու է Ընտրական օրենսգրքի փոփոխություն և ՀՀԿ-ի հետ համագործակցության տարբերակ չի քննարկվել:

Աղավնի Սուքիասյան