«Ազիզյա՛ն, հեռացի՛ր»,- Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում բակում հավաքված բազմությունը պահանջում է Ռուզաննա Ազիզյանի անհապաղ ազատումը տնօրենի պաշտոնից, քանի որ նրանց պնդմամբ, տնօրենն անցել է պատժիչ գործողությունների այն ուսուցիչների և աշակերտների նկատմամբ, ովքեր մասնակցել են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ իրականացվող գործադուլին և հավաքներին:

Տնօրենին դեմ են դուրս եկել ոչ միայն դպրոցի աշակերտներն ու ծնողները, այլև աշխատակազմը: Լրագրողների հետ զրույցում թիվ 11 դպրոցի գրադարանավարուհին հայտնեց, որ 5 տարի շարունակ հավելավճար են ստացել, բայց այդ գումարը տվել են դպրոցի ՀՀԿ-ական տնօրեն Ռուզաննա Ազիզյանին

 

«Այն, ինչ որ կազմակերպվեց մեր վարչապետի դեմ, շարունակությունը հիմա էլ դպրոցներ է գալիս, մեր դեմ: Թող հանեն  դպրոցները քաղաքականությունից, թող հանեն դպրոցները որպես ընտրատեղամաս: Սուտ է, որ ես արգելել եմ երեխաներին՝ գնալ ակցիաների»,- ասաց տնօրենը:

Նշենք, որ աշակերտներին աջակցելու են եկել «Մերժիր Սերժին», «Մերժիր ՀՀԿ-ին»շարժման մասնակիցներ Դանիել Իոաննիսյանը, Անահիտ Բախշյանը, Դավիթ Խաժակյանը:

Ի դեպ, ինչպես արդեն հայտնել ենք, թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը ՀՀ նախկին նախագահ և վարչապետ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է եղել և բազմիցս օժանդակել է նրան ընտրությունների ժամանակ: