Մամուլում ակտիվ քննարկվում է այն թեման, թե Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ստիպել է Հրազդանի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին՝ ազատման դիմում գրել: Պատճառը ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ տարածված ձայնագրությունն է, որտեղ դպրոցի տնօրենը խոստանում է մոտ 100 հոգի ներգրավել Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզչությանը:
Տիգրան Բակլաչյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ժխտեց տեղեկությունը. «Ո՛չ, Կոտայքի մարզպետն ինձ նման բան չի պարտադրել և ոչ էլ առաջարկել է»:
Այն ճշտող հարցին, թե աղմկահարույց ձայնագրությունից հետո հանդիպել կամ զրուցե՞լ է մարզպետի հետ, թիվ 5 դպրոցի տնօրենը նշեց, որ խիստ նկատողություն է միայն ստացել:
Մեր այն դիտարկմանը, թե ձայնագրության մեջ «հրահանգի» մասին լավատեղյակի նման էր խոսում Սևակ Միքայելյանի օգնականի հետ, տնօրենը մանրամասնեց. «Գիտե՞ք, ես անակնկալի եկա պարզապես, ու խոսակցությունը երկարացնելով, փորձում էի հասկանալ, թե ով է իրականում ինձ զանգահարողը, քանի որ նրա ձայնն ինձ շատ ծանոթ թվաց: Ընդհանուր առմամբ, կարող եմ վստահեցնել, որ Հրազդանի ոչ մի դպրոցի չի հրահանգվել մարդկանց բերել նախընտրական քարոզչությանը մասնակցելու. դա բացառված է»:
Մեր այն դիտարկմանը թե մարզպետը ոչ ժխտում, ոչ էլ հաստատում է, որ աշխատանքից ազատման դիմում գրել է պարտադրել, Տիգրան Բակլաչյանը կրկնեց, որ մարզպետը, խիստ նկատողությունից բացի, որևէ ուրիշ քայլ չի արել:
Արմինե Միքայելյան