Պետական ոչ առևտրային հիվանդանոցներում բժշկական կադրերին այսուհետև կընդունեն ոչ թե պարզապես տնօրենի ընտրությամբ, այլ բացառապես բաց մրցույթի արդյունքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացված համապատասխան նախագծի մասին խոսեց ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը:

«Նախագծով կարգավորվելու է միայն պետական սեփականություն հանդիսացող հաստատությունների բուժաշխատողների ընդունելության կարգը: Մենք համանման կարգ ունենք դեռևս 2011 թվականից, որով սահմանված է, որ պետական հատվածում բուժաշխատողները պետք է ընդունվեն բաց մրցութային կարգով, ոչ թե տնօրենի ուղղակի հրամանով կամ ցանկությամբ: Այդ կարգը ժամանակին կյանքի կոչվեց որպես բավականին լուրջ հակակոռուպցիոն միջոցառում՝ ուղղված բժշկական կազմակերպությունների տնօրենների կողմից կամայականորեն բուժանձնակազմի ընդունման և նշանակման խնդիրների դեմ»,-ասաց Սողոմոնյանը:

 

Նոր նախագծի հիմնավորման մեջ ասվում է՝ իրականում ավագ բուժաշխատողների սահմանված կարգով աշխատանքի ընդունումը առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս սեփականության իրավունքով պետությանը պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերություններում իրականացնում է բաժնետիրական ընկերության գործադիր մարմինը՝ գլխավոր տնօրենը: Եվ փաստացի 2011-ի որոշումը չի իրականացվում տարբեր պատճառներով: Ստացվում է, որ կամ պետության կողմից սահմանված կարգավորումները անտեսվում են, կամ չկան դրա վերահսկողության մեխանիզմներ, ինչն առավել քան անթույլատրելի է:

Սողոմոնյանը փաստեց՝ Կառավարության որոշման կիրարկման վերջին 7 տարվա փորձը ցույց տվեց, որ որոշակի շտկումների, խստացման և վերահսկողական մեխանիզմների ներդրման կարիք կա: Վերահսկողությունը պարզապես թողնված էր մարզպետարանների վրա, որն իրականացվում էր ոչ պատշաճ: «Մենք հիմա նախատեսում ենք որոշակի փոփոխություններ կատարել այդ կարգում՝ այն ավելի խիստ ու վերահսկելի դարձնելու համար: Ներդնում ենք երկրորդական մեխանիզմեր՝ մասնավորապես մարզպետարաններին պարտադրելու ենք, որ նախարարությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրեն թափուր հաստիքների և դրանց համալրման մեխանիզմների մասին: Այդ մրցութային փաստաթղթերը կազմակերպությունները պետք է պահեն առնվազն 3 տարի: Փորձել ենք ապահովել մեխանիզմներ, որ բժիշկները նշանակվեն հայտարարված բաց մրցույթների արդյունքում, և տնօրենները զերծ մնան որևէ այլ մոտեցմամբ աշխատող ընդունելու գայթակղությունից»,-նշեց նա:

Մրցույթի համար բժշկական կազմակերպությունում կազմվելու է հանձնաժողով: Հանձնաժողովի կազմի մեծ մասը ներկայացնելու են տվյալ կազմակերպության ներկայացուցիչները, ընդգրկված են լինելու նաև մեկ կամ երկու ներկայացուցիչ մարզպետարանից: Նախատեսվում է նաև դրանում ունենալ նախարարության լիազոր ներկայացուցիչ: Մրցույթը լինելու է խիստ մասնագիտական: Դրա արդյունքում ստուգվելու են բժշկի մասնագիտական գիտելիքները: Այն իրականացվելու է մասնագետների կողմից արդեն իսկ մշակված հարցաշարերի հիմա վրա կազմված թեստերով: Մարդկանց միջամտությունը նվազեցնելու նպատակով նախատեսում են, որ թեստերի ընտրությունը կատարվի համակարգչով:

 

Աննա Գրիգորյան