Պարզվում է, որ մարզերը կամ նահանգները (տերմինների ընտրությունը՝ ըստ ճաշակի) ունենում են արտաքին գործերի նախարարներ: Պարզվում է նաև, որ այդ մարզային նշանակության չինովնիկները ունենում են իրենց սպասարկող ինքնաթիռ և հսկայական անձնակազմ, որոնք պետք է նպաստեն, որ իրենց անիմաստ և անպլոճիկ գերատեսչությունը ինչ որ միջազգային թղթեր մրոտի, ինչպես նաև կառույցի ղեկավարի թշերը լինեն ըստ պատշաճի՝ մշտապես քաշքշվելու պատրաստ: Եվ այդ մարզպանության պաշտոնյան, որ սովորություն ունի իրեն հորջորջելու «ՀՀ պարոն արտգործնախարար», Լեհաստանում բացահայտել է իր իրական պաշտոնը՝ անելով այնպիսի հայտարարություններ, ինչպիսին կաներ ցանկացած ուդմուրտ՝ պատահաբար հայտնվելով որևէ երկրի արտգործնախարարության մամուլի սրահում:
Եվ այսպես, Լեհաստան մեկնած Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարարի հետ: Հանդիպումից հետո Լեհաստանի ԱԳՆ կայքում տեղադրվել է նույն հանդիպման մասին հաղորդագրություն, որը բավականին սկանդալային բովանդակություն ունի: Այսպես, ըստ Լեհաստանի ԱԳ նախարարության կայքի, Նալբանդյանը իր լեհ գործընկերոջը, ոչ ավել, ոչ պակաս, ասել է, թե «իր երկիրը ցանկանում է հնարավորինս խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, սակայն դրանք չեն կարող ուղղված լինել Ռուսաստանի շահերի դեմ»:
Եթե մինչև հիմա փորձում էին և կույս մնալ, և հաճույք ստանալ (սա «և, և»-ի քաղաքականության առավել իրատեսական վերծանումն է), այժմ այդ կոմպլեքսները արդեն վերացել են: Հիմա ազատ հաճույք են ստանում՝ կույս մնալու մասին չմտածելով: Նամանավանդ, որ Հայաստանում բացվել է կուսակցություն, որը սկսել է քարոզել անկույսակցություն:
Իսկ այն, որ ինքնակամ ընդունել են արդեն սեփական երկրի անկախության լիակատար կորուստը՝ բժշկական փաստ է և անհրաժեշտ է ամբուլատոր շտապ միջամտություն: Դեռ Մաքսային միությանը անդամակցելու հեռանկարի մասին հայտարարությունը չմարսված՝ Էդիկ Նալբանդյանը երկրորդ հարվածն է հասցնում երկրի իմիջին՝ միանգամից հրաժարվելով պետական շահերից և սկսելով Ռուսաստանի շահերի սպասարկումը:
Ռուս ժողովուրդը բարձր կգնահատի ընկեր Էդիկի նվիրվածությունը համառուսական շահերին: Վստահաբար նա հայկական մարզում շահաբաժիններ կստանա: Ցարը գնահատում է նվիրվածությունը:
Վարուժան Բաբաջանյան