ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը 2017թ. մայիսին դիմել է իսրայելական մասնավոր խուզարկուական գործակալությանն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի՝ Իրանի հետ միջուկային գործարքի համար պատասխանատու անդամների մասին վարկաբեկող նյութեր գտնելու նպատակով։ Այս մասին մայիսի 6-ին գրել է The Guardian-ը։

Հրատարակության տվյալներով՝ իսրայելացի խուզարկուներին հանձնարարվել էր վարկաբեկող տեղեկություններ հավաքել Օբամայի ազգային անվտանգության գծով խորհրդական Բեն Ռոդսի և փոխնախագահ Ջո Բայդենի խորհրդական Քոլին Կալեի մասին։ Ինչպես հայտարարել է պարբերականի աղբյուրը, Թրամփի թիմի գործողությունների իմաստն այն էր, որ գործարքի կնքման վրա աշխատած մարդկանց վարկաբեկելուց հետո կարելի լիներ ավելի հեշտ լուծել այն։ The Guardian-ի տեղեկատվությամբ՝ խուզարկուները պետք է հատուկ ուշադրություն դարձնեին համաձայնագրին աջակցությամբ հանդես եկող իրանամետ լոբբիստների ԶԼՄ-ների վրա։

 

Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ-ը, ըստ թերթի, իսրայելական գործակալության աշխատանքի արդյունքները հայտնի չեն։

2015 թվականի հուլիսին Իրանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ (Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան) և Գերմանիան համաձայնության են հասել Թեհրանի միջուկային խնդրի կարգավորման շուրջ։ Նրանց մշակած Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը նախատեսում է ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից Իրանի միջուկային ծրագրի համար այդ երկրի նկատմամբ պատժամիջոցների չեղարկում։ 2016թ. հունվարին հայտարարվել է գործարքի իրականացումն սկսելու մասին։  

Իր հերթին, Թրամփն այդ գործարքը բազմիցս անվանել է «կործանարար»՝ պնդելով, որ այն չի կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման հնարավորությունը, այլ միայն հետաձգել է այն։ 2018թ. հունվարի 12-ին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կդադարեցնի մասնակցությունը համաձայնագրին, եթե այնտեղ չներառվեն եվրոպական երկրների հետ բանակցությունների ընթացքում մշակված փոփոխությունները։Ապրիլի վերջին ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, ինչպես նաև Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան առաջընթացի են հասել իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագիր շտկումներ մտցնելու մասին բանակցություններում, սակայն վերջնական լուծում դեռևս չի գտնվել։