«Կոմսոմոլսկայա պրավդա» լրատվականի «Գլխավոր թեմա» հաղորդման ընթացքում հնչած՝ Հայաստանն արյան մեջ խեղդելու հայտարությանը բացարձակ լրջություն չի կարելի տալ. «Դա ցույց է տալիս ու ՌԴ-ում հակահայկական թևեր կան, ինչի դեմն առնել հնարավոր չէ: Ինձ համար կարևոր է, թե  ինչ է ասում Մոսկվան, իսկ պաշտոնական մակարդակում կա հստակ ճիշտ և չեզոք դիրքորոշում: Մոսկվան չպաշտպանեց Սերժ Սարգսյանին, որովհետև հասկացավ, որ վարկաբեկված իշխանություններին պաշտպանելով ինքը ևս կվարկաբեկվի: Իսկ ինչ վերաբերում է Միխայիլ Լեոնտևին, ապա անձամբ ծանոթ եմ նրան, նա ակնհայտ ադրբերաջնական լոբբիստական աշխատանք է իրականացնում»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

 

Ըստ քաղաքագետի՝ այն, որ Ռուսաստանը շատ չեզոք արձագանքեց հայաստանյան թավշյա հեղափոխությանը, գալիս է նրանից, որ Փաշինյանը հստակ հայտարարեց՝ ՀԱՊԿ-ից դուրս չի գալու և ԵԱՏՄ-ի ուղուց չի շեղվելու: 

Հիշեցնենք, որ «Կոմսոմոլսկայա պրավդա» լրատվականի «Գլխավոր թեմա» հաղորդման ապրիլի 26-ի եթերի գլխագիրն է եղել՝ «Ո՞վ բզբզեց հայ ժողովրդին», որի ժամանակ ռուս բիզնեսմեն ու քաղաքական գործիչ Միխայիլ Յուրևը, շարունակելով իր զրուցընկեր՝ ռուս լրագրող ու հեռուստահաղորդավար Միխայիլ Լեոնտևի նմանատիպ գաղափարները, կոչ է արել արյան ծովի մեջ խեղդել հայ բոլոր ցուցարարներին: Ծավալուն հաղորդման 45-րդ րոպեից նրանք սկսում են առավել քան սկանդալային հայտարարություններ անել Հայաստանի ու այստեղ ծավալվող գործողությունների վերաբերյալ: «Այս ակցիաների առջնորդի կողքին կանգնած ամբոխի սրիկայության ու բթության մակարդակն, ինչպես նաև առաջնորդի, որի գլխում չգիտեմ ինչ հետաքրքիր ու բարդ ծրագրեր կան, ահա այդ մակարդակը ոչնչով լավը չի մայդանի գործիչների մակարդակից: Այնտեղ կարծես թե ազգայնական, բանդերական ոչինչ չկա, բայց Փաշինյանը մի բան ասաց, որ… Ախր այդ ստանդարտ բանաձևը հենց լսում եմ, ուզում եմ մռութին հասցնել. «Ես ոչ արևմտամետ եմ, ոչ ռուսամետ, ես հայամետ եմ»: 20 կոպեկ… Այսինքն քածն ուզում է մատնել: Դեռ վախենում է, բայց ուզում է»,- ասում է Միխայիլ Լեոնտևը: 

Հիշեցնենք, որ այս դեպքի առթիվ Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազությանը: