Վերջին շրջանում տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանին ամիսներ առաջ խարազանող, համաժողովրդական շարժմանը և «Իմ Քայլը» նախաձեռնությանը մեկ աչքով նայող ԵԼՔ դաշինքի երկու ուժերը՝ «Լուսավոր Հայաստան»-ը և «Հանրապետություն»-ը ջանք ու եռանդ չեն խնայում Փաշինյանի կողմից կերտած հաղթանակը իրենցով անելու, յուրացնելու համար: Թվում էր, ով-ով՝ սակայն Էդմոն Մարուքյանը հաստատապես որևէ կապ չունի և որևէ լումա էլ չունի համաժողովրդական շարժման վերջնական հաղթանակի և Փաշինյանի՝ վարչապետ դառնալու գործում: Բայց արի ու տես՝ այս երիտասարդն ամեն քայլափոխի հայտարարում է, թե «կանգնեցինք ժողովրդի կողքին, կերտեցինք հաղթանակը», հիմա էլ նա տոգորված է իր կերտած հաղթանակը նյութականացնելու մտքով: Սա ոչ այլ ինչ է, քան բացահայտ ծաղր և ցինիզմ, որը, սակայն, այնքան էլ տարօրինակ չի թվա, եթե հաշվի առնենք, որ Էդմոն Մարուքյանի կյանքի գլխավոր նպատակը պաշտոն կորզելն է: Սկզբում նա փորձում էր այն կորզել Բաղրամյան 26-ից, որտեղ Մարուքյանին, մեղմ ասած, մերժեցին և վերադարձրին դաժան իրականություն, այնուհետև Մարուքյանը ճիշտ պահին ճիշտ կողմնորոշվեց և հիմա էլ պարզվում է՝ համաժողովրդական հաղթանակը նա է կերտել՝ օր ու գիշեր քայլելով, ակցիաներ կազմակերպելով: Գուցե անգամ շենք-շինություններ է շրջափակել, բայց պատմությունն այդ մասին լռում է:
  
Բանն այն է, որ Մարուքյանը, ով խորհրդարանում հայտնվել էր միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի խարիզմայի և նախընտրական շրջանում ԵԼՔ-ը իր ուսերին քաշելու շնորհիվ, այսօր քաջ գիտակցում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Լուսավոր Հայաստան»-ին ոչ մի լուսավոր բան չի սպասվում: Առավելագույնը՝ Փաշինյանի ստվերից բաժին հասած 1-2 տոկոս, որը Մարուքյանի քաղաքական ուժին կթողնի քաղաքական կյանքի լուսանցքում, մի բան, ինչի հետ էդմոնը երբեք չի հաշտվի: Հետևաբար, այսօր պետք է անել ամեն ինչ՝ Փաշինյանի վստահությունը կրկին շահելու համար, գուցե այդ դեպքում հաջողվի նրան համոզել՝ ընտրությունների գնալ ոչ թե առանձին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով, այլ կրկին ԵԼՔ դաշինքով: Սա, ինչ խոսք, իդեալական տարբերակ կլինի Մարուքյանի համար, բայց արդյո՞ք Փաշինյանին, ով այս ընթացքում հասցրել է կուտակել քաղաքական լուրջ կապիտալ՝ հարկավոր է Մարուքյան կոչված բալաստը, հատկապես, որ վերջինիս հավատարմության և վստահելիության մեջ երկրի նորընտիր վարչապետը կասկածելու լուրջ հիմքեր ունի: Չեն մոռացվել ոչ Փաշինյանին ուղղված անվստահության հոդվածը, ոչ է այն փաստը, որ Մարուքյանն ընդամենը մեկ անգամ հայտնվեց Հանրապետության հրապարակում, այն էլ՝ ոչ թե գործընկերոջը աջակցելու, այլ սեփական փիառի համար:
 
 
Ստելլա Խաչատրյան