«Հրապարակ» թերթը գրում է․

Մեր տեղեկություններով՝ Նիկոլենց թիմում հույս են ունեցել, որ Վահրամ Բաղդասարյանի հայտարարած թիվը` 10+1, չի աշխատի, եւ ՀՀԿ-ից շատ ավելի պատգամավորներ իրենց թեկնածուին ձայն կտան, ինչն էլ դե ֆակտո կնշանակեր, որ ՀՀԿ-ն այլեւս տրոհվում է՝ որպես մեծամասնություն։ «Ելք»-ում սպասել են, որ նախօրեին Գագիկ Բեգլարյանի եւ Գեւորգ Կոստանյանի վեճի «առիթով» Հակոբ Բեգլարյանը եւս կողմ կքվեարկի, բայց կողմ են եղել Սերժ Սարգսյանի որոշած պատգամավորները, միայն Շիրակն է «շեղվել» գծից։

 

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի («Տաշիր») բացակայությանը երեկվա նիստից, ՀՀԿ-ից ասացին, որ նա Հայաստանում չէ։ Ի դեպ, նախորդ օրը ֆրակցիայի նիստին չի մասնակցել նաեւ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը։ «Նա ԳՄ նիստին ներկա է եղել եւ քանի որ պաշտոնավարման վերջին օրն էր, կառավարությունում բավականին անելիքներ ուներ, թույլտվություն վերցրեց՝ չմասնակցելու ֆրակցիայի նիստին»,- տեղեկացրեց ՀՀԿ-ական մեր աղբյուրը, որը նաեւ հարկ համարեց ասել, որ իրենք սպասում էին, որ Պուտինը պետք է անպայման առաջինը եւ շատ արագ շնորհավորի Փաշինյանին։

Իսկ ճի՞շտ է, որ ֆրակցիայի նախորդ նիստի օրն ԱԺ-ում է եղել ԱՄՆ դեսպան Միլզը, եւ Բաբլոյանի սենյակում Միլզ-Սերժ Սարգսյան հանդիպում է ընթացել, պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ իրավիճակին առնչվող, 1/3-ին եւ ՀՀԿ-ից 10-12 ձայների մասով։ Մեր աղբյուրն ասաց․ «Պայմանավորվածություններ ձեռք են բերվել, թե ոչ՝ չեմ կարող ասել, սակայն, այո, եղել է նման եռակողմ հանդիպում»։