«Այս պահին պետք է կենտրոնանք  այն խնդրի վրա, որ Հայաստանում վերջապես կայանան ազատ և արդար ընտրություններ, որ դրանք կայանան համամասնական մաքուր համակարգով՝ բացառելով կոռումպացված ռեյտինգային համակարգը, որ բացառվի ընտրակաշառքի բաժանումը որևէ քաղաքական ուժի կողմից»,- այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ հավակնողներ շատ կլինեն, սակայն պետք է բացառել և քայլեր կատարվեն, որ գործարարները չմտնեն խորհրդարան և գործադիր մարմին՝ ստեղծելով շահերի բախում. «Թող գաղափարական մարդիկ զբաղվեն քաղաքականությամբ, բիզնեսմենները՝ բիզնեսով։ Դա մինչև չկատարվի, մենք այս արատավոր շրջանից դուրս չենք գա»,-ասաց Արարատ Զուրաբյանը:

 

Նրա կարծիքով՝ պետք է ստեղծել նախնական գրանցման համակարգ, որ ընտրությանը մասնակցող ամեն մարդ նախապես գրանցվի. «Այդ համակարգը կա նաև ԱՄՆ-ում, այլ երկրներում և ինչը առաջարկել է նաև Կոնգրեսը ու թեև իշխանությունն ընդունեց, բայց հետո ասացին՝ չեն կարողանում ֆինանսական միջոցներ հավաքել դրա համար: Եթե բոլոր այս քայլերն արվեն, ապա այո՛, պետք է գնալ արտահերթ ընտրությունների։ Քաղաքական ճգնաժամը լուծված չեմ համարում, քանի որ չի կարող քաղաքական ճգնաժամը լուծված համարվել, երբ ունենք ոչ լեգիտիմ, ժողովրդի կողմից չընտրված պառլամենտ, որը ցանկացած հարցով ինչ ասես կարող է անել՝ չարտահայտելով ժողովրդի կամքը»,- ասաց նա:

Արդյոք Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ՝ հարցին ի պատասխան Զուրաբյանն ասաց. «Ինչո՞ւ է ձեզ մոտ այդպիսի հարց ծագել։ Ինչո՞ւ եք մտածում, որ կարող է դեպք լինել, որ ՀԱԿ–ը չմասնակցի ընտրություններին: Այդ հարցի շոշափումը հիմա անիմաստ եմ համարում, հիմա պետք է կենտրոնանալ արտահերթ ընտրությունների համար լրջագույն երաշխիքներ ստեղծելու վրա»,- ասաց Զուրաբյանը։