Օրեր առաջ ԱՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Սրան հաջորդեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Արցախ՝ մասնակցելու Շուշիի ազատագրմանը նվիրված տոնական միջոցառմանը, որին, սակայն, ներկա չէր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ու թեև վերջինս ներկա էր այսօրվա քայլերթին, սակայն այս անգամ էլ իր հերթին ներկա չէր Սերժ Սարգսյանը։ Տպավորություն է, թե 3-րդ նախագահի ու ներկայիս վարչապետի՝ Արցախ այցելելու օրերը որոշված են եղել նախապես, հավանաբար, միմյանց դեմառդեմ չհանդիպելու նկատառումով։
«Մեզ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Արցախ այցելելու է մայիսի 9-ին, մենք նախօրոք գիտեինք այդ մասին»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Ապա, անդրադառնալով Սերժ Սարգսյանի այցելությանը՝ նշեց, որ առհասարակ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաների այցը պայմանավորված է լինում իրենց որոշումով։
Հատկանշականն է այն, որ Եռատոնի միջոցառումներին ներկա չէր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Իսկ թե ինչո՞ւ վերջինս այս միջոցառումներին ևս չէր մասնակցում և արդյոք հրավիրվե՞լ էր Արցախ, փորձեցինք ճշտել Բաբայանից․ «Միջոցառումներին մասնակցելու հրավեր, որպես այդպիսին, չի լինում։ Ով ուզում է՝ այցելում է։ Գիտե՞ք քանի մարդ է եղել Արցախում Հայաստանից, սփյուռքից, արտերկրից։ Սա համազգային տոն է, հատուկ հրավիրատոմս չկա։ Իսկ Արցախ գալիս նախկին և ներկա պաշտոնյաները ժամանակին տեղյակ են պահում, որ գալիս են և իրենց ցանկությամբ մասնակցեն որևէ միջոցառման»,-ասաց ԱՀ նախագահի խորհրդականը։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ տոնակատարություններին ներկա չէր Լևոն Տեր-Պերտրոսյանը, երբ պատերազմական տարիներին ու հաղթանակը կերտելու շրջանում երկրի նախագահն ու Գերագույն գլխավոր հրամանատարն էր։
Սոնա Հարությունյան