ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հաջորդ նախարարին հորդորում է ծառայողական քննության ավարտից հետո կոշտ արձագանք տալ պայմանագրային զինծառայողների՝ զանգվածային բողոքի ակցիային միանալու քայլը։ Նախարարն ընդգծեց, որ ՀՀ օրենսդրությամբ զինվորականների մասնակցությունը քաղաքական ակցիաներին անթույլատրելի է: «Ապագա պաշտպանության նախարարին, անկախ նրանից՝ ով կլինի ու ինչքանով իր սրտից կլինի այն, ինչ տեղի է ունեցել, հորդորում ու խորհուրդ եմ տալիս շատ կոշտ արձագանքել ծառայողական քննության լիարժեք ավարտից հետո: Ես իմ մասով ընդունել եմ զորամասի հրամանատարի զորացրման դիմումը, ուղարկել եմ կառավարություն, որտեղից էլ ՀՀ նախագահի հաստատմանը: ՀՀ նախագահն՝ ըստ սահմանադրության, պետք է ձեռնարկի համապատասխան քայլեր»,-ասաց Վիգեն Սարգսյանը: Նա նշեց, որ ցավով է ընդունել զորամասի հրամանատարի ազատման զեկուցագիրը, քանի որ իր կողմից հարգված սպա է, բայց հասկանում է զեկուցագրի իմաստը, ինքն էլ առնվազն նույն կերպ կվարվեր:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ Զինված ուժերում ծայրահեղ բացասական են գնահատել խաղաղապահ բրիգադի զինծառայողների կողմից իրականացված այդ քայլը (ապրիլի 23-ին միացել են Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների նախաձեռնած բողոքի քայլերթին), քանի որ, ըստ նրա, բանակի մի կողմից որևէ ձևով ներգրավումը նմանատիպ ակցիաներին, անմիջապես դուռ է բացում ու լեգիտիմացնում է մյուս կողմից բանակի մասնակցությունը, ինչն անթույլատրելի ու վտանգներով լի է: Պաշտոնյան տեղեկացրեց, որ խոսքը 209 զինծառայողների մասին է:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե խաղաղապահ բրիգադի զինծառայողները որոշել են միանալ ակցիայի մասնակիցներին այն բանից, հետո, երբ ոստիկանները նրանց հետ պարապմունքներ են անցկացրել նման իրավիճակներում ցուցարարների հետ վարվելու ուղղությամբ, ՊՆ պաշտոնակատարը նկատեց. «Եթե ուշադիր կարդաք օրենսդրությունը, ապա կտեսնեք, որ Զինված ուժերի ցանկացած ստորաբաժանում, որը կարող է որևէ կերպ ներգրավվել արտակարգ դրության ռեժիմի պահպանման գործընթացում, շատ հստակ սահմանափակված է օրենսդրությամբ իր հնարավոր գործառույթների մեջ։ Մասնավորապես, ԶՈՒ-ն կարող է ներգրավվել արտակարգ դրության ռեժիմի պահպանման գործընթացում միայն երբ ոստիկանության և ԱԱԾ համապատասխանն ուժերը չեն բավականացնում նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար»:
Վիգեն Սարգսյանի դիտարկմամբ՝ ներգրավվելու պարագայում էլ ԶՈՒ-ն է կարող է ծառայություն կատարել հույժ կարևոր օբյեկտների պահպանության առումով և ոչ ցույց ցրելու: «Զինված ուժերը չունեն համապատասխան գիտելիք, հմտություն ու միջոցներ, որոնք անհրաժեշտ են զանգվածային ակցիաներին որևէ կերպ միջամտելու համար»,-ավելացրեց ՊՆ պաշտոնակատարը:
Սարգսյանը հավելեց, որ, ըստ օրենսդրության, ոստիկանությունը պետք է պարբերաբար ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների ատեստացիա և ուսուցում իրականացնի, և այդ օրերին ոստիկանությունը որևէ արտառոց միջոցառում որևէ զորամասում չի իրականացրել:
Պաշտպանության նախարարությունն ապրիլի 23-ին հայտարարել էր, որ «խստորեն դատապարտում է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների մասնակցությունը ապրիլի 23-ին Երևանում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքին»։