Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը խորհուրդ է տվել Կիևին ազատ արձակել LifeNews-ի ռուս լրագրողներին, հակառակ դեպքում նա խոստանում է շատ խիստ վարվել: Այս մասին հայտնում է RT-ն:

 

«Ես զարմացած և խիստ վրդովված եմ Ուկրաինայի անվտանգության ծառայությունների անբարեխիղճ գործողություններից և իրենց տեր ԱՄՆ-ի կեղծավորությունից: Ուկրաինայի ղեկավարությունը շարունակում է օգտագործել ֆաշիստական մեթոդները: Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել լրագրողներ Սիդյակինին և Սայչենկոյին: Եթե Կիևում փոխում են իրենց մտադրությունը և թույլ չեն տալիս լրագրողներին տուն գնալ' մենք մտադիր չենք լուռ հետևել, թե ինչպես են ծաղրում մեզ, ծնկի իջեցնում և զենք պահում գլխին:

 

Մենք ունենք իրական ուժեր և հնարավորություն' հակազդելու նրանց, ովքեր պահում են լրագրողներին գերության մեջ: Ուստի խորհուրդ եմ տալիս ազատություն տալ լրագրողներին, հակառակ դեպքում' մենք ստիպված կլինենք գործել շատ կոշտ»,- գրել է Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովն Instagram-ի իր էջում: