Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Իրանի հետ միջուկային համաձայնագրից հրաժարվելու մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Կորցնողը լինելու է ԱՄՆ-ն, քանի որ նա հրաժարվում է հավատարիմ մնալ համաձայնությանը»,- հայտարարել է Էրդողանը: Նա ընդգծել է, որ այդ քայլի հետևանքով հնարավոր զարգացումները բացասաբար կարող են անդրադառնալ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ համաշխարհային տնտեսության վրա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ իր ղեկավարած երկիրը դուրս է գալիս աշխարհի վեց գերտերությունների (ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանի միջև 2015-ի հուլիսին ստորագրված համաձայնագրից: Նա հայտնել է նաև, որ համաձայնագրի ստորագրումով կասեցված բոլոր պատժամիջոցները կրկին ուժի մեջ են մտնելու: