Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ՆԱՏՕ-ին Սև ծովում ոչ բավարար ռազմական ներկայության համար՝ հայտարարելով, որ այն վերածվում է «Ռուսաստանի ներքին լճի», հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

 

 

Թուրքիայի առաջնորդը կոչ է արել ուժեղացնել Սևծովյան տարածաշրջանում համագործակցությունն ու համակարգումը: Էրդողանը հույս է հայտնել, որ արդյունքներն ի հայտ կգան արդեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, որը կանցկացվի Վարշավայում հուլիսի 8-9-ը:

 

 

«Անհրաժեշտ է Սև ծովը դարձնել կայունության ծով: Ես խոսել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, ասել եմ, որ դուք ներկայացված չեք Սև ծովում, ինչի համար էլ այն գրեթե վերածվել է ռուսական լճի: Եթե մենք չձեռնարկենք բոլոր միջոցները, պատմությունը մեզ չի ների»,- ասել է Էրդողանը:

 

 

Իր ելույթում նա անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ին Բոսնիա-Հերցեգովինայի և Մակեդոնիայի անդամակցության հարցը, որը դիտարկվելու է առաջիկա գագաթնաժողովում: Թուրքիայի նախագահը կարծում է, որ դա կբարձրացնի կայունությունն ու անվտանգությունը: