Ուելսում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքը բարդ եւ ծանր է լինելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար: Մի կողմից' նա չի ցանկանում վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն ցանկանում է սերտ համագործակցություն ունենալ նաեւ Արեւմուտքի հետ, մյուս կողմից' գերտերությունները ցանկանում են կոալիցիա ստեղծել ընդդեմ Իսլամական պետության եւ Թուրքիայից պահանջում են, որ այդ հարցում ունենա մեծ դերակատարություն: Թուրքագետ Արտակ Շաքարյանի գնահատմամբ, երկու հարցում էլ Թուրքիան հայտնվել է երկու քարի արանքում:
«Հունիսից 49 թուրք պատանդ Իսլամական պետության գրոհայինների ձեռքում են, եւ Թուրքիայի կողմից պաշտոնական որեւէ քայլի պարագայում գերիները կգլխատվեն: Իսկ նախընտրական ժամանակահատվածում նման գործողության դիմելը կնպաստի Էրդողանի վարկանիշի անկմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասաց Շաքարյանը:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Թուրքիան պետք է խուսափի նաեւ Արևմուտքի հակառուսական կոալիցիային մասնակցությունից:
«Թուրքիան տնտեսական և ռազմավարական մեծ կապեր ունի Ռուսաստանի հետ եւ չի ցանկանում բացահայտ կերպով հակառուսական դիրք գրավել: Էրդողանը փորձելու է այս երկու հիմնարար քարերը գլորելու համար առաջ բերել շեղող հարցեր, ինչպես, օրինակ, Արցախի հարցն է: Փորձելու է ոչ թե խոսել Արցախյան խնդրի մասին, այլ քննարկել Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ին միանալու հնարավորությունները, ինչն իրատեսական չէ: Առաջ է բերելու նաև Իսրայել-Գազա պատերազմը, առաջ է բերելու կիպրական հարցը»,- ասաց Շաքարյանը:
Սեպտեմբերի 4-ին Ուելսում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին կմասնակցի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը կմասնակցի Նյուպորտում սեպտեմբերի 4-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով:
ՆԱՏՕ-Անվտանգության աջակցության միջազգային ուժեր ձևաչափով վերջին այս հանդիպմանը կամփոփվեն Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելության արդյունքները և կնախանշվեն նոր՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելության ուղղությունները: