Այս պահին լարված իրավիճակ է Հյուսիսային պողոտայում: Բանն այն է, որ Հյուսիսային պողոտա 8 և 10 շենքերի միջև կատարվում են ապօրինի ապամոնտաժման աշխատանքներ, որտեղ պատրաստվում են կառուցել սրճարան, ինչն առաջացրել է շենքերի բնակիչների զայրույթը։ Նրանք պնդում են, որ շինությունը կխոչընդոտի իրենց ազատ անցուդարձին:
Քիչ առաջ, ԵԼՔ խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը գտնվում էր Հյուսիսային պողոտայում և ուղիղ եթերում ցույց էր տալիս, թե ինչ է կատարվում այնտեղ: Նա նաև դիմեց քաղաքապետին՝ ժամ առաջ ապօրինությունը կասեցնելու համար:
«Մայրաքաղաքի կենտրոնում վերջին քառակուսի մետրերն են մնացել, որ սրճարան չեն դարձրել: Կար դատարանի որոշում, ըստ որի այս տարածքում իրավաչափ չէ կազմակերպել առևտրային գործունեություն և կազմակերպել մոնտաժային աշխատանքներ: Հիմա ինչ-որ տեղից թույլտվություն են ստացել, նույն էսքիզներով աշխատանքը որը դատարանն արգելել էր բերել իրականացնում են: Բայց արդեն ոստիկանների մասնակցությամբ, որովհետև բնակիչները խոչընդոտում են աշխատանքներին: Ինչ որոշում էլ որ լինի, չի կարող կրկնել այն ինչը դատարանն իր վճռով արգելել է»,- հայատարարեց Խաժակյանը:
Ըստ ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկությունների այս հատվածում պատրաստվում են տեղակայել Tizziano բացօթյա սրճարանը: