Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, երիտասարդ աղջիկների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Հյուսիսային պողոտայից մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 3 երիտասարդ աղջկա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նրանք են՝ Երևանի բնակիչներ, 21-ամյա Ռուզաննա Մ.-ն, 21-ամյա Զարուհի Դ.-ն, 28-ամյա Անգելինա Հ.-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Հյուսիսային պողոտայում նշված անձինք կասկածվում են Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա Վիկտորիա Հ.-ին ծեծի ենթարկելու մեջ:
Կայքի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վիկտորիա Հ.-ն:
Բերման ենթարկված աղջիկները հրաժարվել են բացատրություն տալուց, ինչից հետո բաց են թողնվել:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունն ունի նաև տեղեկություններ, որ Վիկտորիա Հ.-ն է հարձակվել նշված անձանց վրա: Այդ փաստը նույնպես պարզվում է: