Հունվարի 8-ին հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ ազդրի կտրած-ծակած վերքով 19-ամյա երիտասարդ է բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել էր գիշերվա ժամը 1.30-ի սահմաններում Ավանի Նարեկացու թաղամասի շենքերից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ. անհայտ անձը կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք էր պատճառել նրան:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները հետագա ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են մարմնական վնասվածք պատճառողի ինքնությունը:
Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Դավիթ Մալյան փողոցի 33-ամյա բնակիչը ներկայացել է Նոր Նորքի բաժին: Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: