Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը:
«Այս պահին սպասողական վիճակ է: Սպասում ենք՝ տեսնենք Վճռաբեկը գործը վարույթ կընդունի՞, թե՝ ոչ: Լավատեսորեն եմ տրամադրված, բայց տեսնենք՝ ինչ կլինի: Հույս ունենք՝ շուտ ազատ կարձակվի: Վճռաբեկի որոշումը պարզ կլինի 2-3 ամսվա ընթացքում, հնարավոր է նաև փոքր-ինչ ավելի շուտ»,-ասաց փաստաբանը:
Հիշեցնենք՝ Բաբայանը ձերբակալվել էր 2017թ. ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանում՝ մարտի 22-ին:
Նշենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում)) և դատապարտել 6 տարվա ազատազրկման։
Սակայն փետրվարի 27-ին դատարանը մերժեց «Իգլա» տեղափոխելու և փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով բողոքը՝ անփոփոխ թողնելով դատավճիռը: