Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալների աջակիցները Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի հատվածում փակել են Արշակունյաց պողոտան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քաղաքացիները փողոցը փակելու որոշում կայացրին այն բանից հետո, երբ դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գրավման գործող 11 ամբաստանյալների կալանքը խափանման այլ միջոցով փոխարինելու միջնորդությունը:
Դատական նիստին մասնակից քաղաքացիները վճռի հրապարակումից հետո որոշեցին իրենց բողոքն արտահայտել փողոց փակելու եղանակով: Նրանք դուրս եկան դատարանի շենքից և փակեցին Արշակունյաց պողոտան, որը մինչ այս պահը շարունակում է փակ մնալ:
ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի պաշտպանյալները միջնորդություն էին ներկայացրել իրենց պաշտպանյալների խափանման միջոցը որպես կալանք կիրառելը վերացնելու վերաբերյալ և որպես խափանման միջոց կիրառել բնակավայրից ստորագրությամբ չհեռանալը: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը որոշեց մերժել պաշտպանների՝ իրենց պաշտպանյալների որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու և այն գրավով փոխելու վերաբերյալ միջնորդությունները: