Երևանի թիվ 127 մանկապարտեզի մի շարք ծնողներ բողոքում են տնօրեն Գայանե Սարոյանից: Այս պահին նրանք բողոքի ակցիա են իրականացնում մանկապարտեզում: Նրանց բողոքը կապված է ավարտական միջոցառման հետ:

«Երեխաներն ավարտում են մանկապարտեզը. մենք պետք է միջոցառում անենք, վինետկա հանենք, տեսանյութ նկարահանենք: Միջոցառումն այն նկարիչը պետք է նկարահաներ, ով անցած տարի մեր բյուջեին համապատասխան գումարով նկարել է, իսկ տնօրենն ասում է, իբրև թե իր ուզած նկարիչին նախարարությունից են ուղարկել: Բայց մենք իրենց ասած գումարի մեջ չենք տեղավորվում, իրենց նկարիչը նկարում է 4000 դրամով, այնինչ մեր նկարիչը նկարում է 2500 դրամով, որը մեզ, բնականաբար, շատ ավելի է ձեռք տալիս: Ինչո՞ւ պետք է ավել վճարենք: Մեզ ասում է, եթե այդ նկարիչին չեք ուզում, ուրեմն ձեր ուզած նկարիչը երեխաներին թող նկարի ծառի տակ: Դա նշանակում է, որ տնօրենն այդտեղից շահ ունի»,- ասում է ծնողներից մեկը, հավելելով, որ մինչ ներկայիս տնօրենի նշանակումն, այս մանկապարտեզում նման խնդիրներ չէին առաջանում:

 

Մանկապարտեզի տնօրեն Գայանե Սարոյանն էլ արդարանում է, ասում է՝ զրպարտում են իրեն. «Ես ծնողներին ասել եմ՝ բոլոր հարցերով մոտեցեք ինձ: Ես որևէ նկարիչ չունեմ, դա զրպարտանք է, իրենք ում ուզում են՝ թող բերեն- նկարվեն»,- ասում է նա՝ ավելացնելով, որ ամբողջ խնդիրը կկարգավորվի: 

Ի վերջո, մանկապարտեզի տնօրինությունը պայմանավորվածություն ձեռք բերեց ծնողների հետ. ծնողական ժողով կհրավիրվի և բոլոր հարցերը կկարգավորվեն: 

 

Տեսանյութը՝ azatutyun.am-ի: