Վաղարշապատի դպրոցը առաջին աշխատանքային օրով դասադուլ է անում՝ ընդդեմ նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանի։ ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան թիվ 8 դպրոցի նախկին տնօրեն Եստեր Գալստյանն, ով այժմ շարունակում է աշխատել նույն դպրոցում որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի, փոխանցեց, որ ուսուցչական ամբողջ անձնակազմը ներկայացել է աշխատանքի, սակայն գեթ մեկ աշակերտ դպրոց չի գնացել։
Նա նշեց՝ պատճառը նորանշանակ տնօրենն է, որին աշակերտներն ու ծնողները չեն ցանկանում տեսնել տնօրենի պաշտոնում․ «Ես դեմ եմ դասադուլին ու գործադուլին, անընդհատ ասում եմ՝ մի արեք նման բաներ, բայց ապարդյուն։ Ես ասում եմ թող աշխատի և ինքը հասկանա, որ․․․ մի խոսքով։ Ես այստեղ, ընդամենն, ուսուցչուհի եմ և ոչ մի բանի չեմ խառնվում»,- նշեց նախկին տնօրենը։
Մեզ չհաջողվեց կապ հաստատել նաև դպրոցի նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանի հետ․ մեր բազմաթիվ հեռախոսազանգերին դպրոցից այդպես էլ չպատասխանեցին։ Ըստ խոսակցությունների՝ Ոսկանյանի դեմ, արշավ է սկսվել որոշ շրջանակների կողմից, ովքեր փորձում եմ ամեն կերպ խաթարել դպրոցի անդորրն ու ուսումնական հաստատության բնականոն գործընթացը, որպեսզի առաջ տանեն իրենց թեկնածուին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսերից Վաղարշապատի դպրոցում դասադուլեր ու գործադուլեր էին, ինչը շարունակվում է նաև արձակուրդից հետո: Աշակերտներն ու նրանց ծնողները մարզպետարանից պարզաբանում էին պահանջում, թե ի՞նչ հիմքով են 1 ձայն պակաս ստացած թեկնածուին նշանակել տնօրեն: Ակցիայի մասնակիցները սպառնում էին փակել Երևան-Էջմիածին մայրուղին:
Նրանց խոսքով՝ դպրոցում տնօրենի ընտրությանը 8 քվեարկողներից մասնակցել են 7–ը, փակ քվեարկության արդյունքում 4 ձայն հավաքել է նախկին տնօրեն Եսթեր Գալստյանը, 3 ձայն՝ նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը։ Սակայն մարզպետ Համբարձում Մաթևոսյանի որոշմամբ տնօրեն է նշանակվել քիչ ձայն հավաքած թեկնածուն: Մարզպետարանի ներկայացուցիչը դա բացատրել էր, թե արձանագրությունը ուղարկել են փոխվարչապետին, ինքն առաջարկությամբ է հանդես եկել, մարզպետն էլ կնքել է աշխատանքային պայմանագիրը: