Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 դպրոցի աշակերտներն այսօր՝ նոյեմբերի 12-ին, դասադուլ են արել՝ պահանջելով դպրոցի գործող տնօրեն Լուսինե Կարապետյանի պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը։
 
ԼՈւՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ գործող տնօրեն Լուսինե Կարապետյանը տնօրենների հավաստագրման քննությանը մեկ միավորով զիջել է մեկ այլ թեկնածուի՝ Աննա Բալյանին, որն էլ պատրաստվում է ստանձնել դպրոցի տնօրենի պաշտոնը։ Սակայն վերջինիս ներկայացրած ծրագիրը բողոքողները չեն ընդունում։ Նրանք պնդում են, որ Բալյանն ընտրվել է մարզպետարանի միջամտությամբ՝ ոչ արդար ընտրության արդյունքում:
 
«Մենք բոլորս դեմ ենք, որ տիկին Կարապետյանին այլ տնօրեն փոխարինի, բոլորս նրանից գոհ ենք և ցանկանում ենք, որ այդ մեկ միավորը որևէ դերակատարում չունենա և դպրոցը շարունակի ղեկավարել Լուսինե Կարապետյանը։ Այսօրվա բողոքի ակցիային միացել են նաև ուսուցչական կոլեկտիվն ու դպրոցի աշակերտների ծնողները»,- մեզ հետ զրույցում ասաց դասադուլին միացած աշակերտների ծնողներից մեկը։
 
Վերջինս նշեց, որ խնդրի վերաբերյալ սպասում են Կրթության և գիտության նախարարի արձագանքին։ Մեզ հետ զրույցում ԿԳՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը նշեց, որ տեղյակ են և զբաղվում են այդ հարցով։
 
Ավելի ուշ դպրոց են եկել քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, նախկին տնօրեն Լուսինե Կարապետյանը: Նրանք փոխմարզպետի հետ  շարունակել են խորհրդակցությունները՝ լուծումը գտնելու ակնկալիքով: 

Մեզ հետ զրույցում Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանն ասաց, որ այս պահին իրավիճակը հանդարտ է․ «Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի նախկին տնօրենը գնա մարզպետի հետ հանդիպման: Կարծում եմ՝ հարցը կլուծվի։ Այս պահին ցույցը հանդարտվել է»։