ՀՀ կառավարության՝ քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը ընդունեց զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքող քաղաքացիներին, լսեց նրանց մոտեցումները և հորդորեց գնալ պաշտպանության նախարարություն և քննարկել հարցը նախարարի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը Ղազարյանն ասաց, որ բարձրացված հարցը նախարար- վարչապետ քննարկելու խնդիր է: «Այս հարցն այս շենքում չի լուծվում: Ես առաջարկում եմ աշխատանքային խումբ ձևավորել և գնալ պաշտպանության նախարարություն, որտեղ ձեզ կընդունի նախարարը»,-ասաց նա:
Զինկոմիսարիատներից մեկի աշխատակիցը նշեց, որ 20 տարվա աշխատանքային փորձ ունի, սակայն այսօր իրեն օպտիմալացման պատճառով կրճատում են: «Զինվորի մորը ինչպես կարելի է կրճատել: Զինկոմիսարիատը ինչպես կարելի է լուծարել: Մենք մեր լուման ունենք բանակաշինության մեջ, երբ ընդունվել ենք աշխատանքի, բանակը 5 տարեկան էր»,-ասաց նա:
Վաղ առավոտից կառավարության շենքի դիմաց են հավաքվել ավելի քան 10 զինկոմիսարիատների ներկայացուցիչներ և բողոքում են զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ՝ հանդիպում պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Պաշտպանության մասին» նոր օրենքով՝ զինկոմիսարիատների կառավարումը ԶՈՒ գլխավոր շտաբից փոխանցվում է ՊՆ-ին: Զինկոմիսարիատների օպտիմալացման պարագայում 44 զինկոմիսարիատներից մնալու է 14-ը, իսկ յուրաքանչյուրում՝ 20 աշխատողներից՝ երկուսը։