Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել երկու հանրապետությունների նախարարությունները միջև առկա արդյունավետ համագործակցության համար:
Հանդիպմանը, որին մասնակցել են նաև ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը և պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են սոցիալական ոլորտին առնչվող տարբեր հարցեր: Մասնավորապես, նախանշվել են Արցախում կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու մեխանիզմները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը վարչապետին ներկայացրել է կենսաթոշակային իրազեկման կենտրոնի կողմից կենսաթոշակառուների մասին անհրաժեշտ տվյալների հավաքագրման ընթացքի, պարտադիր բաղադրիչի կիրառումը երկարաձգելու, բազայի ձևավորման և արցախյան դաշտ ի հետ այն համապատասխանեցնելու մասին տեղեկություններ: Մտքեր են փոխանակվել Արցախում համակարգի ներդրման առանձնահատկությունների վերաբերյալ՝ պայմանավորվելով շարունակել համապատասխան մոտեցումների մշակման ուղղությամբ իրագործվող աշխատանքները:
Քննարկվել են նաև անապահովության գնահատման համակարգի բարեփոխմանը վերաբերող հարցեր: Արտեմ Ասատրյանը ներկայացրել է ՀՀ-ում այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները և գոհունակություն հայտնել, որ Արցախում ևս իրագործվում են համապատասխան բարեփոխումները: Վարչապետը կարևորել է սոցիալական աջակցության համակարգի բարելավումը՝ դրա հիմքում դրվող անապահովության գնահատման նոր համակարգը համարելով առավել արդարացի և արդյունավետ: Արտեմ Հարությունյանի խոսքով՝ կարիքի վրա հիմնված սոցիալական աջակցությունը թույլ է տալու ավելի թիրախային մոտեցում ցուցաբերել սոցիալապես խոցելի քաղաքացիների հանդեպ: