Կառավարությությունը կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման նոր, փուլային տարբերակ է մշակել, որն այսօր ներկայացվել է Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներին: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ ՀՅ Դաշնակցության, Հայաստանի հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն երի ներկայացուցիչները ծանոթացել են օրենքի նախագծի նախնական տարբերակին:


«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ ներկայացված առաջարկությունները դեռևս երկու օր լրացուցիչ կքննարկվեն, սակայն նշեց, որ նախագծի սկզբունքային մոտեցումները կարծես թե ընդունելի են եղել հանդիպման բոլոր մասնակիցների համար: «Հիմնական խնդրահարույց հարցը եղել է անձանց եկամուտի մակարդակի նվազեցման խնդիրը: Կառավարությունն առաջին հերթին անդրադարձ է անում այդ խնդրին, որպեսզի նման բան տեղի չունենա: Մյուս կողմից, համակարգի ներդրման փուլային տարբերակն է քննարկվում, որպեսզի հնարավություն առաջանա աշխատողների այն հատվածի համար, ովքեր պետության կողմից վարձատրվում են և պետական համակարգում աշխատավարձերի բարձրացման շրջանակում ունենալու են լրացուցիչ հնարավորություն' իրականացնելու այս սոցիալական վճարումները, իսկ մյուս կողմից, կամավորության սկզբունքով անձանց մասնակցությունն ապահովելու»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ այս երկու օրերի ընթացքում ձևավորված առաջարկություններն ավելի ուշ կներկայացվեն հանրության լայն շրջանակների քննարկմանը:

 

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի խոսքով' կառավարությունը տրամադրված է մինչև հուլիսի 1-ը լուծել այս հարցը: «Երևի երկուշաբթի կամ երեքշաբթի քաղաքական ուժերը կքննարկեն կառավարության ներկայացրած նախագիծը, ապա նախնական տեքստը կգնա Ազգային ժողով: Կառավարությունը ցանկանում է շուտ լուծել այս հարցը, որ մարդիկ հանգիստ գնան արձակուրդի»,-ասաց նա:

 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն իր մոտեցումները ներկայացրեց փուլային տարբերակի վերաբերյալ: «Պետական կառավարչական հիմնարկների աշխատակիցների համար պարտադիր կուտակումը շաղկապվում է հուլիսի 1-ից սպասվող աշխատավարձերի բարձրացման հետ: Իսկ ոչ պետական կամ մասնավոր հատվածի համար, ինչպես նաև պետական ձեռնարկությունների համար կամավորության սկզբունքն է ներդրվում: Պարտադիրի ներդրումը հնարավոր է հետաձգվի մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը: Քննարկումներն ընթացել են նախագծի նախնական աշխատանքային տարբերակի շուրջ, և կարծում եմ, որ մենք կառավարության հետ կգանք ընդհանուր հանգուցալուծման»,- ասաց Մելքումյանը: