Ազգային ժողովի ոչ իշխանական 4 ուժերը' «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ' «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ ՍԴ որոշման առնչությամբ: Հայտարարությունում նշվում է, որ ուժերը շարունակելու են մեր աջակցությունը պարտադիր կենսաթոշակային վճարների համակարգի դեմ պայքարող բոլոր քաղաքացիներին և քաղաքացիական նախաձեռնություններին: «Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը' շարունակել սերունդների արժանապատիվ կենսապայմանների ապահովմանն ուղղված առաջարկությունների ներկայացման հարցում և առաջիկա օրերին հանդես կգանք օրենսդրական նախաձեռանությամբ' օրենքի պարտադիր բաղադրիչի գործողությունը դադարեցնելու և քաղաքացիների ու գործատուների խախտված իրավունքները վերականգնելու համար»,-ասված է հայտարարության մեջ:
Չորս ուժերն արձանագրել են, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ութ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով որոշմամբ արձանագրվեց, որ պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը նախատեսող օրենքի մի շարք հիմնարար դրույթները հակասում են Սահմանադրությանը և անվավեր են, հիմնարար վերանայման են ենթակա պարտադիր կուտակային բաղադրիչին վերաբերող հայեցակարագային մոտեցումները, օրենքի վիճարկվող հոդվածների մի մասը համապատասխանում են սահմանադրությանը՝ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների շրջանակներում:
Միևնույն ժամանակ, կիրառելով տարաժամկետում, Սահմանադրական Դատարանը սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցրած ճանաչելու վերջնաժամկետ է սահմանել 2014թ. սեպտեմբերի 30-ը, ինչը տարատեսակ և հակասական մեկնաբանությունների հիմք է տվել պարտադիր վճարների համակարգի օրինական ուժի մեջ մնալու առումով:
ԱԺ չորս խմբակցությունները պահանջում են իշխանություններից ենթաօրենսդրական ակտերում արագընթաց կարգով իրականացնել փոփոխություններ՝ 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված աշխատակիցների հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակումը բացառելու, ինչպես նաեւ 2014թ. հունվարի 1-ից հետո աշխատակիցների կամքից անկախ պահված կուտակային վճարները աշխատակիցներին հետ վերադարձնելու լիարժեք հնարավորություն ապահովելու համար, խնդրի լուծումն հանրության լայն շրջանակներին տեղեկացնելու համար, հանդես գալ պարզաբանող հայտարարությու ններով, միաժամանակ գործատուներին հնարավորություն տալով համապատասխան փոփոխություններ կատարել ներկայացված հաշվետվություններում: Նրանք նաև կոչ են անում գործատուներին՝ առանց աշխատողների համաձայնության նրանց աշխատավարձից պարտադիր կուտակային վճարի պահում և փոխանցում չկատարել: