Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ երեքից չորս տարի հետո հասարակության մեծամասնությունը դրականորեն կընդունի կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ինչպես դա տեղի ունեցավ ԱՊՊԱ-ի ներդման դեպքում: Փետրվարի 21-ին կայացած ասուլիսի ժամանակ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նկատեց, որ չկա մի իշխանություն, որը նախաձեռնել է այս համակարգի ներդրումը և սկզբում ստացել է հասարակության հավանությունը:

 

«Դժվար ընկալելի բարեփոխում է, ճիշտ այնպես, ինչպես ԱՊՊԱ համակարգի դեպքում: Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից ընդամենը երեք տարի հետո հասարակության մեծամասնությունը գոհ կմա դրանից: Միշտ չէ, որ անծանոթ երևույթին հնարավոր է տալ սպառիչ և վերջնական պատասխան. դա հնարավոր է միայն համակարգն իր բոլոր առանձնահատկություններով ընկալելու դեպքում»,-նշեց նա:

 

Գագիկ Մինասյանի խոսքով' բարեփոխման նկատմամբ հասարակության վստահության ցածր մակարդակը նորմալ դրսևորում է, որը սակայն չպետք է համարել անվստահություն իշխանության նկատմամբ: «Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը ենթադրում է մի քանի տասնամյակ, և այդ ընթացքում բազմաթիվ իշխանություններ են փոխվելու, այնպես որ, խոսել նրա մասին, որ դա անվստահություն է ներկայիս իշխանությունների նկատմամբ, ճիշտ չէ»,-ասաց Գագիկ Մինասյանը:

 

Պատգամավորի կարծիքով' հասարակության և տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտը երկար և ցածր տոկոսով փողերի պակասությունն է: «Այս համակարգը գալիս է լրացնելու այդ բացը: Եթե մենք ունենանք այդպիսի փողեր, այն կբերի մեր տնտեսության զարգացման համար նոր հնարավորություններ. մեր կողմից արտադրվող ապրանքների գների նվազեցման, աշխատատեղերի, սոցիալական հարցերի լուծման: Այս կոմպոնենտը իր դրական ազդեցությունը կունենա մի քանի տարի հետո, որի համար պետք չէ սպասել մի քանի տասնամյակ»,-ասաց Գագիկ Մինասյանը:

 

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Հունվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կասեցվել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը և 86-րդ հոդվածի երրորդ մասը, որոնք, ազատում են պատիժներից, եթե գործատուները մինչև մարտի 28-ն իրենց աշխատողների աշխատավարձից չեն կատարում պարտադիր պահումները: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանը կքննի մար տի 28-ին: