Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսաբյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը Կուտակային կենսաթոշակային օրենքն անխոցելի դարձնելու արդյունավետ միջոց է համարում դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելը:
«Մենք պետք է անընդհատ ականջալուր լինենք այն բոլոր խելամիտ առաջարկներին, որոնք կօգնեն օրենքն անխոցելի ու առավել արդյունավետ դարձնել' դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելով, ինչի պրակտիկան մենք ունենք: Օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելը հիմնական գործընթաց է ոչ միայն նորանկախ երկրներում, այլև արևմտյան հասարակություններում, որտեղ հիմնական մայր օրենքները ընդունված են ու դրանցում փոփոխություններ կատարելու միջոցով դրանք համապատասխանեցվում են առկա ժամանակի պահանջներին»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գագիկ Մինասյանը:
Անդրադառնալով «Դեմ եմ» շարժման գործունեությանն ու նրա կողմից հաճախ հնչեցվող պահանջին, որ պետք է օրենքից հանել «պարտադիր» բաղադրիչը, Գագիկ Մինասյանը նշեց, որ «պարտադիր» բաղադրիչի վերացումը օրենքը կզրկի իր հիմնական նպատակից, որը հասարակության ամենախոցելի շերտի' տարեց մարդկանց, բարեկեցիկ կյանքի ապահովումն է: «Եթե մենք պարտադիր բաղադրիչը վերացնում ենք, ապա ակնհայտ է, որ այդ պարտադիր բաղադրիչի բացակայության պայմաններում մեծ թիվ չեն կազմի նրանք, ովքեր կամավոր կուտակումներ կկատարեն, սա միայն հայկական երևույթ չէ, բայց Հայաստանում այն առավել խորն է արմատավորված: Եթե մենք վերացնենք կուտակային բաղադրիչը, մենք կհանենք օրենքի ամենակարևոր լիցքը' մարդասիրությունը»,-փաստեց պատգամավորը:
Նրա խոսքով, պետք է փայփայել «Դեմ եմ» շարժումը, որը քաղաքացիական հասարակության առողջ տարր է: «Ես ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել այն շարժմանը, որն այսօր կա: «Դեմ եմ» շարժումը մեր քաղաքացիական հասարակության ամենաառողջ շարժումն է, մենք պետք է փայփայենք ու թույլ տանք, որ այն զարգանա, քանի որ քաղաքացիական հասարակության առկայությունը ցանկացած պետության անցնցում առաջընթացի գրավականն է»,-նշեց Գագիկ Մինասյանը:
Հայաստանի Հանրապետությունում հունվարի 1-ից գործարկվել է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ըստ որի' 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ' կուտակային հիմնադրամներին: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կառավարվելու են ֆոնդի կառավարիչների միջոցով:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության մարտի 19-ի նիստին հայտնեց «Դեմ եմ» նախաձեռնության հետ երկխոսելու պատրաստակամություն: «Մենք հայտարարում ենք, որ ճիշտ ճանապարհը երկխոսության ճանապարհն է և հրավիրում ենք մեր երիտասարդ գործընկերներին' «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին, այդ երկխոսությանը: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ «կամ ամեն ինչ, կամ ոչինչ» սկզբունքից հրաժարվելն օգտակար կլինի բոլորի համար, և դա նշանակում է, որ նաև «Դեմ եմ» շարժումը պետք է վերաձևավորվի և դառնա շարժում' հանուն մեր երկրի ապագայի, հանուն բարեփոխումների' այնպիսի բարեփոխումների, որոնք կստանան մեր երիտասարդների աջակցությունը: Սա մեր ուղերձն է «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին»,- ընդգծել է վարչապետը:
Անի Նազարյան