ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումների փաթեթի հեղինակի պնդմանը, որ ժամանակին «կամավոր» բաղադրիչը օրենքում որպես անցումային ներդրվեց հենց Դաշնակցության առաջարկով, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ երբևէ որևէ կոմպրոմիս չի եղել, ու ավելացրեց, որ Կառավարությունը պետք է ապահովեր երեք պայման, որ չի ապահովել: Նա «տրիվիալ» մոտեցում անվանեց պնդումները, որ մինչև տրիլիոնի հասնող ֆոնդեր կառավարող կառավարիչները, որոնք միջազգային մեծ հեղինակություն ունեն, կոպիտ ասած, ՀՀ կոպեկների համար այն չեն վտանգի:
-Կառավարության սոցիալական վարչության պետը հայտարարեց, որ կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի ներդրման գաղափարին դեմ է եղել Դաշնակցությունը, որի հետ երկարատև բանակցել են, համոզել, ու հենց ձեր պահանջով ներդրվել է «կամավոր» բաղադրիչը՝ կառավարության հավաստիացումով, որ «եթե կաշխատի, մենք ընդհանրապես կհրաժարվենք պարտադիրից»: Բայց կյանքը ցույց է տվել , որ կամավոր չեն կուտակել: Այս դեպքում այժմ ձեր՝ դեմ լինելը արդարացվա՞ծ է:
-Նախ, հարցադրումը բացարձակապես իրականության հետ կապ չունի, արժևորում եմ Աստղիկ Միրզախանյանի գործունեությունը և աշխատանքը և շնորհակալություն եմ հայտնում համատեղ երկարատև աշխատանքի համար: Բայց հիմա մի քանի շեշտադրում և ճշգրտում: Առաջին. այդ բարեփոխումները սկսվել են 2000-ականներին ու նախաձեռնությունը՝ որպես ֆինանսական շուկայում անհրաժեշտ ռեսուրսներ ապահովելու մոտեցում, առաջ է քաշել Կենտրոնական բանկը: Դեռ այն ժամանակ ներկայացվել է մի փաթեթ, որը հետագայում անընդհատ քննարկվել է։ Նրանում բարեփոխումների բացասական դրսևորումներն այնքան շատ էին, որ սոցիալական պաշտպանության ոլորտն ամբողջությամբ ոչնչացվում էր: Մինչև 2003թ. ընդունված օրենքը «Պետական կենսաթոշակների մասին», այդ քննարկումները դեռ չէին ստացել միս ու արյուն: 2003թ. օրենքով ամրագրվեց դրույթ, համաձայն որի՝ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը կարող է գործարկվել, եթե բավարարվում են չորս հիմնական պայմաններ: Մինչև 2010 թվականը՝ օրենսդրական այդ փոփոխությունների որևէ պայման բավարարված չէր: Այդ պայմաններն էին՝ որ համախառն ներքին արդյունքը պետք է արձանագրի անընդհատ աճ, և այն պետք է լինի 2 տոկոսից ոչ պակաս, որ բյուջեի դեֆիցիտը չպետք է լինի ավելին, քան ՀՆԱ-ի 1 տոկոսը, որպեսզի բեռը բյուջեի վրա շատ մեծ չլինի: Երրորդ. անձնավորված հաշվառման համակարգը պետք է ներդրված լինի և ամբողջությամբ գործի և վերջապես չորրորդ՝ աշխատավարձերի անընդհատ բարձրացում պետք է լինի: Այս չորս պայմաններից որևէ մեկը բավարարված չի եղել, երբ հիսուն օրենքներից բաղկացած փաթեթը ներկայացվել է ԱԺ: Մեկ այլ ճշգրտում. եթե տիկին Միրզախանյանի հիշողությունը չի դավաճանում, անգամ 2008-ին ընդունված բարեփոխումների հայեցակարգում սևով սպիտակի վրա գրված էր, որ արդեն 2012-ին գործող բաշխողական համակարգում միջին աշխատանքային կենսաթոշակը պետք է նվազ չլիներ կենսաապահովման նվազագույն բյուջեի չափից: Այսինքն՝ ներկա կենսաթոշակառուների համար պետք է գոնե երաշխավորված լիներ կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությամբ կենսաթոշակ ստանալու իրավունքը և պետք է անընդհատ ինդեքսավորում իրականացվեր: Երրորդ. այո՛, մենք պնդել ենք, որ կամավոր կուտակային համակարգը ներդրվի, և երբ այսօր արդյունք չունենք կամ այն բավարար չէ, նշանակում է՝ առնվազն պետք է իշխանություններին մտահոգի, թե ինչն է պատճառը: Պատճառներից մեկն այն է, որ չկա բավարար վստահություն ներկա համակարգի նկատմամբ, հասարակության վստահությունը բացարձակ զրո է: Սա նշանակում է, որ կամավոր կուտակային համակարգը չունի բավարար խթաններ, որպեսզի անգամ խնայողության հնարավորություն ունեցող մարդիկ վստահեն և խնայեն այդ միջոցները: Եվ վերջապես՝ կամավոր կուտակային համակարգը միակ հնարավորությունն է, որ երկարաժամկետ հատվածում մարդիկ կարողանան իրենց սպասումները կառուցել տնտեսության զարգացման հենքի վրա: Ինչ վերաբերում է Դաշնակցության պայքարին, ապա առնվազն տարօրինակ է, որ լրատվամիջոցները իրենց անպատասխանատու կեցվածքով, երբ ժամանակին բարձրաձայնվում էր այս պրոբլեմի մասին (խորհրդարանում դաշնակցական պատգամավորների կողմից՝ Արա Նռանյան, Վահան Հովհաննիսյան, Լիլիթ Գալստյան, Արմեն Ռուստամյան) այսօր փորձ են անում ներկայացնել, թե, իբր, պայքար չի եղել խորհրդարանում: Որևէ կոմպրոմիս իշխանությունների հետ կամ ներսում չի եղել: Մենք միշտ դեմ ենք եղել պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրմանը՝ այն ձևով , որը ներկայացվել է և փորձ է արվել անցկացնել: Եվ մենք համարում ենք, որ առաջին հերթին պետք է լուծվի մարդու կենսաապահովման նվազագույն բյուջեի խնդիրը: Եվ եթե սա հաշվի առնված չէ, չի կարող Կառավարությունը ավելի շատ մտածել մարդու մասին, քան մարդը՝ իր մասին: Եթե մարդը չունի բավարար եկամուտ անգամ օրվա հացը վաստակելու, նրան պարտադրել, որ պետք է խնայես, սա աբսուրդ է, սա հակամարդկային երևույթ է:
-Բայց 500 հազար ստացողները օրվա հացի խնդի՞ր են լուծում:
- Ի՞նչ կապ ունի 500 հազար է, թե ինչքան, եթե համակարգը տարածվում է բոլորի վրա. հազար դրամից մինչև անսահմանափակ եկամուտ ստացողի վրա: Իսկ բարձր եկամուտ ունեցողներին պետք է խթանենք, որ նրանք կամավոր հիմունքներով էդ խնայողությունները կատարեն:
- Բայց չէ՞ որ պայքարողները բարձր եկամուտներ ստացողներն են:
- Ոչ միայն բարձր եկամուտներ ունեցողները, դա թյուր կարծիք է, որ ամեն տեղ տարածվում է: Այո, բարձր եկամուտ ստացողները պայքարում են, պայքարում են, որովհետև իրենց պլաններում նախապես ծրագրեր ունեն, և երբ Կառավարությունը միջամտում է, այդ դեպքում հարց է առաջանում՝ հարգարժան Կառավարություն, իսկ ի՞նչ բավարար վստահություն ես տալիս, որ մենք կապահովենք կամ կունենանք ավելի արժանապատիվ ծերություն: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը ներկա իշխանությունը չունի, որովհետև բարեփոխումների հիմքում դրված է ոչ թե սոցիալական պաշտպանության համակարգը ավելի լավ մակարդակին բերելը, այլ ֆինանսական շուկաների համար հավելյալ ռեսուրսներ ապահովելը: Բայց մենք գիտենք, որ բանկային ներկա համակարգի պայմաններում, մարդկանց մինչև 70 տոկոսը կքած է գրավով վարկերի տակ: Դրա համար մենք որպես այլընտրանք էինք առաջարկում, որ այն բարեփոխումները, որ պետք է իրականացվեն երկրում կենսաթոշակային համակարգում երեք հիմնական խնդիր պետք է լուծեն: Առաջին խնդիրը, այսպես կոչված, բեռնվածության գործակցի փոփոխությունն է, երբ մեկ աշխատողին այսօր բաժին է ընկնում մեկ կենսաթոշակառու: Սա պետք է բարձրացվի գոնե 3 աշխատող 1 կենսաթոշակառու հարաբերակցության: Երկրորդ խնդիրը, որ պետք է լուծվեր, պետք է ապահովվի համարժեք փոխհատուցում անձի կողմից իր կյանքի ընթացքում ստեղծած արժեքի հետ կապված: Այսինքն՝ աշխատավարձից առնվազն 40 տոկոս փոխհատուցում պետք է ապահովվի որպես թոշակ: Եվ երրորդ խնդիրը արդարության սկզբունքն է, երբ մարդը ավելի շատ է վճարում համակարգին, նաև թոշակի անցնելիս պետք է ստանա իր վճարածին համարժեք կենսաթոշակ: Սրանցից որևէ մեկը առաջարկված պարտադիր կուտակային համակարգը չի լուծում, որովհետև հավաքված միջոցները որևէ կերպ չեն ապահովում նոր աշխատատեղերի ստեղծումը ՝ այդ 3-ը 1-ի հարցը լուծելու համար, որևէ երաշխիք չկա, որ 23, իսկ միջինը՝ 45 տարի հետո անձը կարող է ստանալ 40 տոկոս փոխհատուցում իր աշխատավարձի նկատմամբ: Եվ երրորդ համակարգը՝ «վճարել ես շատ, կստանաս շատ», խիստ կասկածելի է, քանի որ կախվածության մեջ է գցում անձի մասնագիտական գիտելիքներից: Իսկ ՀՀ-ում ֆինանսական շուկաների մասնագիտական գիտելիքներ ունեցողները չափազանց քիչ են և ի վիճակի չեն լինելու էնպիսի որոշումներ կայացնել, որ որտեղ ներդնեմ, որ արդյունավետ լինի:
- Դրա համար կառավարիչներ կան:
- Կառավարիչներն ովքե՞ր են, ընկերություններ են, որոնք առաջնորդվում են իրենց շահերով:
-Որպես հիմնավորում նշվում է, որ նրանք մինչև տրիլիոնի հասնող ֆոնդեր են կառավարում, միջազգային մեծ հեղինակություն ունեն, և, կոպիտ ասած, ՀՀ կոպեկների համար այն չեն վտանգի:
- Տրիվիալ մոտեցում է դա, ես որևէ մեղադրանք չեմ հնչեցնում ոչ միայն կառավարիչների, այլ անձանց նկատմամբ, ովքեր որոշումներ կայացնողներն են, բայց գոյություն ունի համակարգի խնդիր: Ի վերջո, ո՞վ է պատասխանատու լինելու քաղաքացիներին արդար կենսաթոշակ ապահովելու համար։ Այս հարցի պատասխանը չունի ոչ ոք: Մինչդեռ Սահմանադրությունը ամրագրում է, որ պետությունը պարտավորված է ապահովել արժանապատիվ ծերություն: Եթե, Աստված չանի, որևէ ֆոնդ սնանկանա, էդ դեպքում պետությունը պատասխանատվություն պետք է կրի, իսկ պետությունը պատասխանատվություն է կրում իր բյուջեով, այսինքն՝ հանրության փողերով: Ստացվում է, որ հանրության փողը վերցնում է Կառավարությունը, տալիս է մասնավոր ընկերությանը, հետո ասում է, որ մասնավոր ընկերությունն էլ չկարողացավ կառավարել և սնանկացավ, ես, հանրություն, Ձեր մյուս փողերով փակում եմ ձեր մյուս գումարները: Սա աբսուրդ չէ՞:
- Կառավարությունն ասում է, թե մեզ չեն ասում, որ այդ համակարգը վատն է, այլ ասում են՝ թող լինի կամավոր, եթե վատն է, ուրեմն ինչո՞ւ ներդնել:
- Միջազգային փորձն էլ է վկայում, որ վատն է: Եվ խնդիրն այն է, որ ներկա Կառավարության բոլոր ձախողումները փորձ են անում ներկայացնել բազմաթիվ անհաջող բարեփոխումների միջոցով: Խնդիրն այն է, որ ՀՀ ֆինանսական շուկայի, հատկապես ոչ բանկային, չզարգացման հիմնական մեղավորը Կառավարության ներկայիս ղեկավարն է: Եվ 2004-2005 թթ. վերացնելով արժեթղթերի զարգացման հնարավորությունը, վաճառեց ՀՀ ֆոնդային բորսան և կենտրոնական դեպոզիտարիան միջազգային կազմակերպությանը: Եվ հիմնական նպատակը պետք է լիներ այն, որ կարճ ժամանակահատվածում Հայաստանի կապիտալի շուկան պետք է զարգանար և քանի որ այն չզարգացավ, որովհետև ի սկզբանե սխալ մոտեցում էր որդեգրված, հիմա փորձ են անում կապիտալի շուկայի զարգացումը կատարել ի հաշիվ Հայաստանի բնակչության ու սոցիալական ոլորտի: Սա որևէ երկրում կիրառելի չէ:
- Դուք արտագաղթի կասեցման ծրագիր եք գրում՝ աչքի առաջ ունենալով, թե ինչքան մարդ է արտագաղթում: Լավ, ենթադրենք Կառավարության սխալ քաղաքականության հետևանքով մարդիկ արտագաղթել են, բայց եթե արտագաղթում են, աշխատողներ չկան, իսկ կենսաթոշակներ պետք է տրվեն, ու սա միակ ձևն է, ապա ի՞նչ պետք է անի Կառավարությունը:
- Իսկ ո՞վ է ասում, որ միակ ձևն է, սա հակառակը, արտագաղթը խթանելու միջոց է: Էդ ո՞վ է այդ կեղծ թեզն առաջ քաշում: Երբ որ քաղաքացին իրավունք է ստանում իր միջոցները տեղափոխել այլ երկիր՝ դադարեցնելով իր ՀՀ քաղաքացի լինելը, իսկ վստահության պակասի պայմաններում բազմաթիվ քաղաքացիներ կարող են դադարեցնել և տեղափոխել, էդ բարեփոխո՞ւմն է, որ կասեցնում է արտագաղթը: Իհարկե ոչ, սա հենց ուղիղ նպաստում է դրան: Թող հիմնավորապես ներկայացնեն հակափաստարկ, թե սա ինչո՞վ է կանխում արտագաղթը:
- Ոչ թե կանխում է, այլ թույլ է տալիս երկարաժամկետ կտրվածքով բյուջե ծրագրել, որ մարդիկ թոշակներ ստանան:
-Ես էլ ասում եմ՝ օրենքում դրույթ կա, որ եթե անձը դադարեցնում է իր քաղաքացիությունը, իրավունք է ստանում կենսաթոշակային ֆոնդում կուտակված միջոցները տեղափոխել այլ երկիր: Կարող էր կասեցնել արտագաղթը, եթե այդ երկարաժամկետ միջոցների տեղաբաշխման և օգտագործման պատասխանատուն լիներ Կառավարությունը: Որ քաղաքացին պահանջատեր լիներ էս կառավարության նկատմամբ:
- Եվ վերջում, ես կարդացի մամուլում, որ 2008-ին, երբ կոալիցիայում էիք ու Կառավարության ընդունած որոշմամբ հաստատվել էր այս համակարգը և Ձեր քվոտայով նախարար էր Արսեն Համբարձումյանը, նա չի՞ ստորագրել որոշման տակ:
- Լրագրողական փնթի հնարքներ են, որոնց նպատակը ոչ թե իրականությունը բացահայտելն է, այլ Դաշնակցության վրա անընդհատ ցեխ շպրտելը: Դաշնակցությունը եղել է դեմ այս համակարգին իր բոլոր դրսևորումներով և միշտ պայքարել է դրա դեմ, առաջարկել է այլընտրանք: Եվ թող չփորձի որևէ մեկը հարված հասցնել այս համակարգի դեմ իրական պայքար մղող մարդկանց: Դաշնակցությանը նման բանի մեջ մեղադրելը արդեն անբարոյականություն է: Ինչ վերաբերում է ստորագրելուն, ապա օրենքների նախագիծը Կառավարությունը բերել է այլ Կառավարության ժամանակ, երբ Դաշնակցությունը արդեն ընդդիմություն էր: Սրանք ի՞նչ պարզագույն կամ կանխամտածված սխալներ են, որ թույլ են տալիս լրատվամիջոցները: