Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ռիսկերը հավասարակշռված են: Պորտֆելի սնանկացման ռիսկը հասցված է զրոյի: Այդ մասին մարտի 31-ին նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ պատասխանելով ՀՀ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի՝ համակարգի ներդրման ֆինանսական ռիսկերի մասին հարցին՝ հաշվի առնելով միջազգային իրադրությունը, Հայաստանի պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը, արժույթների հնարավոր գերարժ եզրկման երևույթները: Երիցյանը նշեց, որ բնականաբար ռիսկեր կան, դրանք չեն թաքցվել և օրենսդրությամբ սահմանվել են ռիսկերի կառավարման մեխանիզմները: «Մենք կարծում ենք, որ այդ ռիսկերը հավասարակշռված են, այն առումով, որ միայն որոշակի գնային տատանումների ռիսկը կարող է էական ազդեցություն ունենալ»,- ասաց Երիցյանը՝ հավելելով 3 պորտֆելների մասին, 25 տոկոս բաժնեմասի տարբերությամբ: «Ցանկացած նոր պորտֆել չի կարող կոչվել նոր պորտֆել, եթե 15 տոկոս բաժնեմասի ավելացում կամ պակասեցում չկատարվի»,- ասաց ԿԲ նախագահի տեղակալը՝ հավելելով, որ օպերացիո նալ ռիսկերը հասցված են զրոյի: «Պորտֆելի սնանկացման ռիսկը հասցված է զրոյի»,- ընդգծեց Երիցյանը:

 

ՀՀ ԿԲ ներկայացուցչին հարցեր հղեցին նաև ՍԴ անդամներ Կիմ Բալայանը, Վոլոդյա Հովհաննիսյանը, Ա. Խաչատրյանը, ՍԴ Նախագահ Գագիկ Հովհաննիսյանը: ՀՀ ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը հարցրեց, թե արդյոք բավարար աշխատանքներ տարվել են իրազեկման ուղղությամբ, ինչին Երիցյանը արձագանքեց, թե իր փորձով, իրազեկումը միշտ էլ բավարար չի լինում:

 

ՀՀ Սահմանադրական դատարանում մարտի 31-ին սկսվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության երկրորդ փուլը: Այսօր որպես պատասխանող կողմ հանդես են գալիս ՀՀ կառավարության ու Կենտրոնական բանկի ներկայացուցիչները:

 

ՀՀ կենտրոնական բանկը կներկայացնեն ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը և ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության առաջատար մասնագետ Վիգեն Շահնազարյանը: ՍԴ-ում ՀՀ կառավարությունը, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանի փոխարեն, կներկայացնի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

 

Սահմանադրական դատարանում մարտի 28-ին անցկացվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության առաջին նիստը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա: Դատաքննությանը ներկա էին Սահմանադրական դատարանի 9 դատավորներ՝ ՍԴ Նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: ՍԴ կողմից որպես զեկուցողներ հանդես եկան ՍԴ անդամներ Վոլոդյա Հովհաննիսյանը և Կիմ Բալայանը:

 

Նախորդ դատաքննությանը պատասխանող կողմ ներգրավված ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը, ներկայացրեց կենսաթոշակային ոլորտի բարեփոխումներն ու կուտակային բաղադրիչի ներդրման անհրաժեշտությունը: Դիմող կողմի ներկայացուցիչները համապասխան փաստարկներ< i> ու դիտարկումներ ներկայացրին վերոնշյալ հարցի առնչությամբ:

 

Հանրապետությունում հունվարի 1-ից գործարկվում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ըստ որի' 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ' կուտակային հիմնադրամներին: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով: