2015 թ. դեկտեմբերի 23-ին «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ում (Դեպոզիտարիա) տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ժամանակ ամփոփվել է 2015 թ.-ի կուտակային կենսաթոշակային տարին:

 

Ասուլիսի ժամանակ Դեպոզիտարիայի տնօրեն Վահան Ստեփանյանն ամփոփեց տարին՝ ներկայացնելով թվային տվյալներ կուտակային բաղադրիչի ակտիվ վճարում կատարող մասնակիցների, համակարգին միացած նոր մասնակիցների, կուտակային վճարների չափի, պետության կողմից հատկացված կուտակային վճարների չափի և այլ ցուցանիշների վերաբերյալ:

 

Ներկայացվեցին նաև 2015 թ.-ի ընթացքում կուտակային կենսաթոշկային համակարգում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները, մասնավորապես՝ այս տարվա հուլիսից ուժի մեջ մտած նոր գործառույթները, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով (Օրենք) նախատեսված կենսաթոշակային վճարների վերադարձը, ինչպես նաև կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների ներկայացումը:

 

2015թ.-ի հուլիսից ուժի մեջ մտած գործառույթներ:

 

Այս տարվա հուլիսի մեկից ուժի մեջ են մտել փայերի փոխանակման, ժառանգման և կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում կուտակային միջոցների ստացման գործառույթները: Նշենք նաև, որ արդեն առկա են փայերի ժառանգման մի քանի դեպքեր, իսկ Օրենքի նոր խմբագրությամբ թույլատրվում է ժառանգված միջոցներն ամբողջ չափով մարել և փոխանցել ժառանգորդի նշած հաշվեհամարին:

 

Օրենքով նախատեսված կենսաթոշակային վճարների վերադարձ:

 

Այս գործընթացի շրջանակներում համապատասխան դիմում ներկայացրած 60,291 մասնակիցների հաշիվներում իրականացվել է փայերի մարում, որի արդյունքում ձևավորված դրամական միջոցները փոխանցվել են մասնակիցների դիմումներում նշված հաշվեհամարներին:

 

Առկա են եղել ոչ լիարժեք տվյալներով կամ այլ անձանց անունով բացված բանկային հաշիվներ, որոնց ուղղված միջոցները բանկերի կողմից վերադարձվել են Դեպոզիտարիա: Դեպոզիտարիան ձեռնարկել է մի շարք միջոցներ, որպեսզի կապ հաստատի նշված մասնակիցների հետ՝ հաշվեհամարի փոփոխության նպատակով: Այդուհանդերձ, 159 մասնակցի միջոցներ հնարավոր չի եղել ուղարկել այս մասնակիցների դիմումներում նշած հաշվեհամարներին: Նշված միջոցները փոխանցվել են «Կոնվերսբանկ« ՓԲԸ-ում բացված հատուկ հաշվին, որտեղից մասնակիցները կարող են կանխիկ եղանակով ստանալ իրենց միջոցները: Համաձայն «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի կողմից դեկտեմբերի 3-ին ներկայացված հաշվետվության՝ 37 մասնակիցներ արդեն ստացել են իրենց միջոցները:

 

Կենսաթոշակային հաշվի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում:

 

Օրենքով սահմանված կարգով Դեպոզիտարիան պարտավոր է համակարգին միացած մասնակիցներին ներկայացնել կենսաթոշակային հաշվի վերաբերյալ հաշվետվություն՝ հաշվետու առաջին տարվա համար: 2015 թ.-ին առաջին անգամ նշված հաշվետվությունը ներկայացվել է 165,079 մասնակիցների:

 

Այս գործառույթն իրականացվելու է յուրաքանչյուր տարի և հաջորդ տարի նույնպես տարեկան հաշվետվությունները կուղարկվեն բոլոր այն մասնակիցներին, որոնք միացել են համակարգին այս տարվա ընթացքում: Տեղեկացնում ենք, որ մասնակիցներն իրավունք ունեն ընտրել հաշվետվության ստացման եղանակը՝ թղթային կամ էլեկտրոնային:

 

Հաշվի առնելով նախորդ տարվա փորձը՝ հասցեների անճշտության հետ կապված խնդիրներից զերծ մնալու նպատակով, խորհուրդ ենք տալիս մասնակիցներին լրացնել համապատասխան դիմում և հաշվետվությունը ստանալ էլեկտրոնային ձևով՝ դիմումում նշված նախընտրելի էլ. փոստի հասցեին:

 

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել՝ www.nasdaqomx.amwww.epension.am, www.abcfinance.am:

 

Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի մասին


Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան (ՀԿԴ) Հայաստանի միակ արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարն է և պահառուն: 05.06.2009թ.-ից ՀԿԴ միակ բաժնետերն է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն:

 

ՀԿԴ-ն անդամակցում է Եվրասիական Կենտրոնական Դեպոզիտարիաների Ասոցիացիային (AESCD) ևՀամարակալման ազգային գործակալությունների ասոցիացիայի (ANNA) լիիրավ անդամ է: 2014թ.-ից ՀԿԴ-ն իրականացնում է կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների ռեեստրի վարումը և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառությունը: