Արցախում կներդրվի կուտակային կենսաթոշակային համակարգ: Նախատեսվում է, որ այն կգործի 2017 թվականի հուլիսի 1-ից: Այս մասին ԼՂՀ Ազգային ժողովում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների կողմից հնչեցված հարցին, հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը:

 

Նախարարի խոսքով՝ Արցախում կենսաթոշակային նոր համակարգին ավելի ուշ անցնելու գաղափարին համակարծիք են նաև իր երևանյան գործընկերները, որպեսզի նոր համակարգի ներդրումն իրականացվի բոլոր խնդիրների լուծումից և թերությունների շտկումից հետո:

 

«Ներկա փուլում հետևողական աշխատանքներ են տարվում կուտակային կենսաթոշակային համակարգի տեխնիկական ապահովման ներդրման ուղղությամբ, որից հետո կստացվեն էլեկտրոնային ցուցակները, իսկ առկա խնդիրների լուծումից հետո՝ արդեն 2017 թ. հուլիսի 1-ից, կգործի կենսաթոշակային կուտակային համակարգը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Ավանեսյանը:

 

Անդրադառնալով պետական պաշտոններ զբաղեցնող անձանց թոշակի վերահաշվարկի մասին հարցին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը տեղեկացրել է, որ այդ առումով մշակվել և կառավարությանն է ներկայացվել համապատասխան կարգ, որի ընդունումից հետո պետական պաշտոններ զբաղեցրած բոլոր թոշակառուների թոշակները կվերահաշվարկվեն և կտրամադրվեն: