Ճապոնիայում մայիսին մասնակիորեն կսկսվի այն նոր համակարգի շահագործումը, որը կարող Է գրանցել օվկիանոսում սեյսմիկ ակտիվությունը եւ մեծ ճշգրտությամբ կանխատեսել ցունամիի առաջացման հնարավորությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:

 

Բարձրտեխնոլոգիական համակարգը մշակել են Երկրաֆիզիկայի եւ տարերային աղետների կանխման ազգային հետազոտական ինստիտուտի մասնագետները: Այն իրենից ներկայացնում Է տասնյակ զանազան դետեկտորներ, որոնք 150 կետերում ծովի հատակին տեղակայված են Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան ափի երկայնքով՝ Հոկայդոյից մինչեւ Տոկիո: Սենսորներից տեղեկատվությունը մալուխով անմիջականորեն ստացվում Է Ճապոնիայի օդերեւութաբանական վարչություն:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, նոր համակարգը, որի արժեքը կազմել Է 32 միլիարդ իեն (268,8 միլիոն դոլար), թույլ կտա 30 վայրկյանով ավելի արագ ստանալ տեղեկատվություն ափից 200 կիլոմետրից ավելի հեռավորության վրա ջրի տակ տեղի ունեցող երկրաշարժերի մասին եւ 20 րոպե շուտ նախազգուշացնել ցունամիի մասին:

 

«Աշխարհում գոյություն ունեցող նմանակներից ոչ մեկն ունակ չԷ այսպիսի արագությամբ եւ ճշգրտությամբ ստանալ եւ վերլուծել տարերային աղետների վերաբերյալ տեղեկատվությունը: Դա զգալիորեն ավելի մեծ հնարավորություններ Է տրամադրում նախազգուշական միջոցների իրականացման եւ ցունամիի դեպքում բնակչության տարահանման համար»,- ասել Է նախագծի ղեկավարներից մեկը՝ պրոֆեսոր Տոսիհիկո Կանաձավան: