Հայաստանի կառավարությոնը նոր ծրագրով կիրականացնի առավել ազատականացված «բաց երկնքի» քաղաքականություն՝ ծառայությունների որակի բարձրացման, սակագների նվազեցման և ավիափոխադրումների ծավալների ավելացման նպատակով: Այդ մասին նշված է ՀՀ նոր կառավարության 2014-2017 թվականների ծրագրում, որը հավանության արժանացավ գործադիրի' մայիսի 19-ին հրավիրված արտահերթ նիստում:
«Բաց երկնքի» քաղաքականությամբ ակնկալվում է ներգրավել համաշխարհային ճանաչում ունեցող, ինչես նաև «բյուջետային» ավիափոխադրողների, արդյունքում նաև ավելացնելով ավիացիոն փոխադրումների ուղղությունները:
Ավիացիայի ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով կիրականացվի այս բնագավառում քաղաքականության մշակման, իրագործման և տեխնիկական լիարժեք ապահովման գործառույթների ինստիտուցիոնալ տարանջատում:
Ներդրումային գրավչության բարձրացման նպատակով ավիափոխադրողների համար կապահովվի բոլոր կարգավորիչ և թույլտվության գործառույթների առավելագույն թափանցիկություն՝ պետություն–մասնավոր հատված համագործակցության միջոցով: Շարունակաբար կընդլայնվեն քաղաքացիական ավիացիայի ոլորտում երկկողմանի միջազգային հարաբերությունները, կապահովվեն հավասար մրցակցային պայմաններ Հայաստանի ներսում օդային փոխադրում իրականացնող հայկական և օտարերկրյա ավիափոխադրողների համար:
Կշարունակվեն արդիականացվել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը և նրա ենթակառուցվածքները՝ ուղևորների օդանավակայանային սպասարկման ներկայիս մակարդակը պահպանելու և բարձրացնելու նպատակով: Քաղաքացիական ավիացիայի թռիչքային և ավիացիոն անվտանգության մակարդակները կհամապատասխանեցվեն եվրոպական և միջազգային ստանդարտներին:
Դեռևս Հայաստանի նախորդ կառավարությունը 2014 թվականից սկսել է «Բաց երկնքի» քաղաքականությանն անցնելու գործընթացը, որը լուրջ փոփոխություն է երկրի օդային փոխադրումների քաղաքականության մեջ: Նախատեսվում է, որ «Բաց երկնքի» քաղաքականությունը կխթանի ՀՆԱ-ի աճը, կստեղծի նոր աշխատատեղեր, կնվազեն ավիափոխադրումների գները: Ակնկալվում է, որ տոմսերի միջին գները կնվազեն մոտ 10 տոկոսով, ընդ որում որոշակի ուղղություններով կլինի գների առավել մեծ նվազում' պայմանավորված ավելացած մրցակցությամբ, տարեկան կապահովվի ուղևորափոխադրումների 20-25 տոկոս աճ: