ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում իրականացված բարեփոխումներն ուղղված են եղել համակարգի կողմից իրականացվող գործառույթների պարզեցմանը, բնակչությանը մատուցվող ծառայությունների սպասարկման որակի բարձրացմանը, ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների ու կոռուպցիոն ռիսկերի բացառմանը:
Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում նշել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը: Ըստ նրա' ՀՀ կառավարության միջոցառումների 2013 թվականի ծրագրով նախատեսված չորս գերակա խնդիրներն ամբողջությամբ կատարվել են սահմանված ժամկետներում:
Ա. Մուսայանն անդրադարձել է ոլորտի 2014 թվականի գերակայություններին, ներկայացրել նախատեսվող ծրագրերը: Մասնավորպես, WGS – 84 (ՎԻ ՋԻ ԷՍ -84) գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքների արդյունքում կստեղծվեն ՀՀ Շիրակի և Սյունիքի մարզերի տարածքների համադրված, բաց հրատարակման տեղագրական, կադաստրային և համայնքային վարչական սահմանների նկարագրման քարտեզները ու հատակագծերը, ինչպես նաև համայնքների սահմանների շրջադարձային կետերի կոորդինատները կապակցված ազգային գեոդեզիական ցանցի հետ: Նախատեսվում է նաև Երևան քաղաքում ներդնել նավիգացիոն համակարգ' տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների ճշգրիտ տեղադիրքի որոշման, մոնիթորինգի և վերահսկման հնարավորությամբ: