Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (ԿՀԻԿ) հիմնադրամը վերսկսել է անվճար ուսուցման ծրագիրը' կուտակային կենսաթոշակային համակարգը կարգավորող օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները քաղաքացիներին ներկայացնելու նպատակով:
Դասընթացների մասնակիցները հանգամանորեն կծանոթանան հունիսի 21-ին ընդունված Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի հիմնական շեշտադրումներին, այն փոփոխություններին ու նորամուծություններին, որոնք առավել կարևոր և էական են քաղաքացիների համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնից, դասընթացների ժամանակ կներկայացվեն նաև սոցիալական վճարների պարտականությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումների ձևաչափերը վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի (նոտարների), հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուի վարձու աշխատողի համար և այդ դիմումները հարկային մարմնին ներկայացնելու ընթացակարգը, այլ հարակից հարցեր:
Դասընթացներին մասնակցության համար հարկավոր է զանգահարել կենսաթոշակային թեժ գծին' 114 կարճ հեռախոսահամարով, կամ դիմել [email protected] էլ. փոստին: