ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդգծում է, որ արտաքին գործերի նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանը պրոֆեսիոնալ դիվանագետ է ու լուրջ ճանապարհ է անցել: «Նա եղել է նաև արտաքին գործերի փոխնախարար, և, ընդհանուր առմամբ, կառույցը բավարարված է նման նշանակմամբ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը:

Հարցին, թե շարունակելո՞ւ է աշխատանքը արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնում, Քոչարյանը պատասխանեց. «Աշխատում ենք, ինչի՞ մասին է խոսքը: Նախարարությունն աշխատել է շարժման ընթացքում, աշխատում է հիմա: ԱԳՆ-ն այն կառույցներից մեկն է, որ, անկախ իրարանցումներից, պետք է ժամացույցի պես աշխատի»:

 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հրաժարվեց մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմ է, ինչը նաև բանավեճի առիթ էր հանդիսացել ՀՀ առաջին և երկրորդ նախագահների ու պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի միջև: Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ ԱԳՆ-ն վերադասների հայտարարությունները չի մեկնաբանում, այլ մեկնաբանում է ուրիշ երկրների ներկայացուցիչների հայտարարությունները: