Երևանի պատմության թանգարանում «Թանգարանային գիշերը» կներկայացվի խորհրդանշական գորգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:
«Որպես կանոն՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող համայնքային թանգարանները միանում են Թանգարանների միջազգային օրվա և Թանգարանային գիշերվա ծրագրին: Թանգարանները հանդես են գալիս հետաքրքիր ծրագրերով: Քանի որ այս տարին Երևանի համար հոբելյանական է, հետևաբար Երևանի պատմության թանգարանը, ավանդական ծրագրերից բացի, ներկայանալու է հետաքրքիր միջոցառմամբ: Թանգարանային գիշերը ներկայացվելու է խորհրդանշական գորգ, որը պահվելու է Երևանի պատմության թանգարանում»,-ասաց Գևորգ Օրբելյանը:
Գորգը գործելու մեկնարկը տրվել է մեկ տարի առաջ: Գորգի թեմատիկան Երևանի տեսարժան վայրերն են, Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը, 12 մայրաքաղաքների խորհրդանիշները և այլն: 50 տարի առաջ Երևանի 2750-ամյակի առթիվ գործվել էր «Էրեբունի» գորգը:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանում ևս հետաքրքիր միջոցառումներ են նախատեսված, մասնավորապես, կանցկացվի գիշերային զբոսանք, կհնչեն ազգագրական երգեր ու պարեր, կկազմակերպվի ուրարտական խոհանոցի համտեսում և այլն: