Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում գործարկվել է հայկական ավանդական զարդանախշերով ձևավորված շարժակազմ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տոնական շարժակազմի առաջին երթի մեկնարկը տրվել է մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանից՝ ազգային երգերի ու պարերի ներքո, «Կարին» համույթի մասնակցությամբ:

Շարժակազմի առաջին ուղևորները մեծ ոգևորությամբ են դիմավորել գնացքը՝ խոստովանելով, որ այն իսկապես շատ գեղեցիկ և յուրօրինակ նվեր է բոլոր երևանցիներին մայրաքաղաքի հոբելյանի առթիվ:

«Երևան 2800» հիմնական տոնական միջոցառումները այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 29-30-ը: