Շիրակի և Գեղարքունիքի մարզերում պահանջում են մարզպետների նշանակման հարցը քննարկել ՀԿ ների հետ:

Թավշյա հեղափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսուհետ իշխանությունը պատկանում է ժողովրդին, հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում ոչ միայն մայրաքաղաքում, այլ մարզերում:

 

Սոցիալական ցանցերում արդեն տարածվել են գրառումներ և կոչեր ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որով հասարակական կազմակերպությունները, հեղափոխության ակտիվիստները պահանջում են իրենց մարզերում մարզպետների նշանակման հարցը քննարկել իրենց հետ:

Հիշեցնենք, որ այս պահին Շիրակի մարզում մարզպետ չկա, քանզի ՀՅԴ ական նախկին մարզպետը հրաժարական էր տվել և զբաղեցնում է գյուղատնտեսության նախարարի պաշտոնը, իսկ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն առայժմ իր տեղում է:

Մեզ հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի մի շարք ՀԿ ների ներկայացուցիչներ երեկ գնացել են Բոթոյանի մոտ և պարզաբանումներ պահանջել մամուլում շրջանառվող այն լուրերի իսկության պահով, որ այլ մարզպետ է նշանակվելու մարզում: