Սևանի թերակղզու մուտքին մայիսի 16-ին տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ մեղադրանքներ են հնչել Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հասցեին, որոնք, առանց իսկությունը ճշտելու, սփռվել են նաև տարբեր լրատվամիջոցների կողմից: Մայր Աթոռը պարզաբանում է տարածել հրապարակումների առնչությամբ: Պարզաբանման մեջ ասվում է.
«Հարկ ենք նկատում պարզաբանել, որ ժամանակին Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցից մինչև լողափ ընկած աջակողմյան հատվածը ՀՀ Կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով հատկացվել է դպրանոցին և հետագայում ՀՀ Կառավարության պահանջի հիման վրա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից այն տրամադրվել է նախագահական հանգստավայրին' իբրև անվտանգության գոտի և անցակետ:
Ինչ վերաբերում է ձախակողմյան հատվածում գտնվող ավտոկանգառին, այն Եկեղեցու կողմից ձեռք է բերվել ռեստորանի շենքի հետ մեկտեղ, որը ծառայում էր իբրև ճեմարանականների ճաշարան:
Ավտոկանգառը Եկեղեցու կողմից ծառայեցվում է Ս. Առաքելոց վանք և դպրանոց այցելուների համար, սակայն այնտեղ ապօրինաբար հաստատված անհատ վաճառականների տաղավարները որևէ առնչություն չունեն Եկեղեցու հետ, և այդ խառնաշփոթը կարգավորելու բոլոր ջանքերն առ այսօր որևէ արդյունք չեն տվել»: