Արթուր Այվազյանը' «Մանախը», երեկ Սյունիքի մարզում կազմակերպած բողոքի ակցիայից հետո բերման է ենթարկվել Ոստիկանության Գորիսի բաժանմունք եւ ձերբակալվել: Երեկ ակցիայից հետո 9 հոգի բերման են ենթարկվել Ոստիկանության Գորիսի բաժանմունք, հարուցվել է քրեական գործ' խուլիգանության հոդվածով, մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Քիչ հետո ՀՀ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որում ասվում է․
«Մայիսի 14-ին, ժամը 15.30-ի սահմաններում, մի խումբ անձինք Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում փակել էին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը և 10-15 րոպե կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ քաշքշել էին ճանապարհը բացել պահանջող քաղաքացիներին:
Ժամը 17.47-ին 8 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով։
Մեկ անձ ձերբակալվել է։ Ձերբակալված 44-ամյա տղամարդը ոստիկանության Գորիսի բաժնում բռունցքով կոտրել է աշխատասենյակներից մեկի պատուհանի ապակին։
Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանը' «Մանախը», երեկ Սյունիքի մարզում կազմակերպել էր բողոքի ակցիա: