Միլիցիան շուրջ 40 մարդ է ձերբակալել Կիևում Գերագույն ռադայի շենքի մոտ տեղի ունեցած բախումներից հետո, որոնք սկսվել էին հոկտեմբերի 14-ի առավոտյան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատերի մոտ տեղի են ունեցել զանգվածային միջոցառումներ: Այժմ նրանց մասնակիցները ցրվել են: Մինչդեռ իրավախախտումներ կատարելու կասկածանքով իրավապահները ձերբակալել են 36 մարդ: Բժիշկներից տեղեկատվություն է ստացվում տուժած իրավապահների մասին, նրանց թիվը ճշտվում է»,-ասված է հանրապետության ներքին գործերի նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Խորհրդարանի պատերի մոտ ծայր առած միջադեպերի պատճառով Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովն այսօր ժամկետից շուտ փակել է պալատի նիստը:
Ուկրաինայի խորհրդարանը հոկտեմբերի 14-ի նիստում հրաժարվել է քննարկել «Ուկրաինացի ազգայնականների կազմակերպության – Ուկրաինական ապստամբական բանակի» գործունեությունն Ուկրաինայի «անկախության համար պայքար» ճանաչելու օրինանգիծը:
Դրանից հետո խորհրդարանի պատերի մոտ, որտեղ տեղի էր ունենում հանրահավաք, սկսվել են ընդհարումներ: Միլիցիայի աշխատակիցների վրա նետվել են վառոդապատիճներ և ծխագլանիկներ: Ուկրաինայի ՆԳ նախարարությունում հայտնել են, որ հանրահավաքին մասնակցել է շուրջ 8 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: