«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպին։ Ինչպես տեղեկացնում է Գայանե Աբրահամյանը, ով երկար տարիներ աշխատել է որպես լրագրող, գրել է, որ ԱԱԾ շենքի մոտ ոստիկանության գործողությունների ընթացքում, հրմշտոցի հետևանքով տուժել են լրագրողները, խոչընդոտվել է լրագրողների մասնագիտական աշխատանքը, ինչն անթույլատրելի է՝ չնայած որևէ դիտավորություն կամ հատուկ լրագրողների դեմ ուղղված գործողություն առկա չէր։
«Ներողություն եմ խնդրում տուժած իմ բոլոր նախկին գործընկերներից և ակնկալում եմ ըմբռնում, քանի որ համավարակով պայմանավորված արտակարգ դրության այս օրերին ե´ւ լրագրողները, և´ ոստիկանությունն իրենց ծառայությունն իրականացնում են խիստ լարված պայմաններում' վտանգելով առողջությունն ու կյանքը։
Այսօր կդիմեմ Ոստիկանություն' պարզելու բոլոր մանրամասները եւ ծառայողական քննություն անցկացնելու անհրաժեշտությունը»,- գրել է Աբրահամյանը։
Պատգամավորը ոստիկանությանը հորդորում է ցանկացած իրավիճակում, անգամ ամենալարված պայմաններում չխոչընդոտել լրագրողների գործունեությունը, ավելին' պայմաններ ստեղծել լրագրողական ծառայությունն անվտանգ իրականացնելու համար։