Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ փոխանախագահ Կարո Փայլանը պատասխանել է իր նկատմամբ տխրահռչակ 301-րդ հոդվածով (Թուրք ազգին վիրավորել) քրեական գործ հարուցելու մասին հայտարարությանը։
«Որպես Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի խորհրդարանից էլ պահանջել եմ իրերն իրենց անուններով կոչել։ Ինչպես ամեն տեղ, այնպես էլ իմ դեմ հարուցված քրեական գործի մեջ նշված հարցազրույցում ասել եմ ցեղասպանություն բառը, սակայն ես ոչ թե այսօրվա թուրք ժողովրդին եմ մեղադրել, այլ այն ժամանակվա ցեղասպան մտածելակերպով խունտային։
Ցավոք, ներկայում Թուրքիան կրկին գլորվում է հետ եւ անցյալի հետ առերեսման պահանջները փորձում են ճնշումներով կանխել։ Դատախազներն ու նրանց քրեական գործին կանաչ լույս վառած արդարադատության նախարությունը թող իմանան, որ իմ դեմ քրեական գործ հարուցելով չեն ստիպի հրաժարվել ներկայում եւ անցյալում կատարվածի համար արդարության համար պայքարից»,-ասել է Կարո Փայլանը։