ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննության նյութերի հիման վրա: Այս մասին  տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

 

Այսպես, ծառայողական քննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ 2018թ. ապրիլի 17-ին' ՀՀ ոստիկանության օրվա կապակցությամբ, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի մի շարք աշխատակիցների փոխանցվել են 85000-ական ՀՀ դրամ պարգևավճարներ, որից հետո նույն բաժնի ղեկավար կազմի ծառայողները, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, պարգևավճար ստացած աշխատակիցներից պահանջել են ստացված գումարների մի մասը' ընդհանուր 1.680.000 ՀՀ դրամը, հանձնել ոստիկանության վերը նշված ստորաբաժանման առանձին պաշտոնատար անձանց:

 

ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերը նշված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: