«ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ն, որն իրականացնում է Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Թուրքիայից ՀՀ տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներ, նորից հայտնվել է ԼՈւՐԵՐ․com-ի ուշադրության կենտրոնում։

Բանն այն է, որ բազմաթիվ ահազանգեր ենք ստանում առևտրականներից, ովքեր թավշյա հեղափոխությունից հետո հույս ունեն այս ոլորտում ևս փոփոխություններ տեսնելու: Այդ է պատճառը, որ մամուլի միջոցով ցանկանում են իրենց խնդիրները բարձրաձայնել, որպեսզի վարչապետի՝ կոռուպցիայի դեմ տարվող պայքարի քաղաքականությունը իրատեսական և արդյունավետ լինի:

 

Առևտրականները պնդում են՝ «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ընկերության մատուցած խորհրդատվական ծառայությունը, որի համար իրենք վճարում են կատարում, կրում է ձևական բնույթ։ Մեզ հասած մյուս տեղեկության համաձայն՝ ընկերությունը պատրաստվում է դադարեցնել գործունեությունը՝ կապված ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանի հրաժարականի հետ, քանի որ այս ընկերության գործունեությունը սկսվեց Վարդան Հարությունյանով, նրա հովանավորչությամբ և ավարտվեց նրա հեռանալով:

Մեզ հետ զրույցում ընկերության հաշվապահական ծառայությունների մատուցման գծով տնօրեն Սիմոն Առաքելյանն՝ անդրադառնալով իրենց մատուցած խորհրդատվական ծառայություններին, նշեց, որ խոսքը վերաբերում է հաշվապահական տարատեսակ խորհրդատվությունների մատուցմանը և կախված ապրանքի տեսակից, անհրաժեշտ փաստաթղթից՝ ծառայության դիմաց գանձվող գումարը տարբեր է։ Առաքելյանը նաև նշեց, որ «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ն դեռ չի պատրաստվում դադարեցնել իր գործունեությունը։ 

Հիշեցնենք, որ այս ընկերությունը, որի մուտքը մաքսազերծման ոլորտ՝ հանգեցրեց դաշտում գործող այլ ընկերությունների փակման, շատ արագ զբաղեցրեց մոնոպոլ դիրք՝  իր մատուցած ծառայությունների համար սահմանելով բարձր գին։ 

Այն, որ «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ն մաքսազերծման ծառայություներ մատուցող ընկերությունների շարքում գերարագ դարձավ մոնոպոլ դիրք զբաղեցնող, ևս մեկ անգամ գալիս է վերահաստատելու պնդումը, որ ընկերության թիկունքում կանգնած են կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ. խոսքը, մասնավորապես, ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանին մասին է։

Նշենք, որ ըստ ԼՈւՐԵՐ․com-ի տեղեկությունների՝ հենց Վարդան Հարությունյանի բարձր հովանու ներքո էր, որ «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ»-ը, դաշտը մոնոպոլիզացնելուց բացի, կարողանում է նաև որոշակի խարդախություներ կատարել․ օրինակ՝ եթե նախկինում՝ մինչ այս ընկերության մուտքը, որոշ ՍՊԸ-ների տերեր իրենց բեռների մաքսազերծման համար կլորիկ գումար էին տալիս մաքսազերծողին՝ ՍՊԸ-ի բեռը ԱՁ-ի անվան տակ հայտարարագրելու և ձևակերպելու համար, ինչն ավելի էժան էր, ապա Հարությունյանի ընկերության պարագայում՝ առձեռն փողից անցում կատարեցին հստակ փաստաթղթավորման, այսինքն՝ «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ»-ՍՊԸ-ում կարողանում են նախկին սև գործն անել, բայց արդեն շատ գեղեցիկ փասթաթղթավորման շնորհիվ, ինչը նույնպես կոռուպցիոն դրսևորում է, որից կարողանում էին օգտվել որոշ արտոնյալներ։